Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թե «ամեն ինչից» ու ոչնչից, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Նա հիշեցրել է Վանաձորում նավթավերամշակման գործարան կառուցելու նախագիծը, որը ներառված էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Սամվել Կարապետյանի նախընտրական ծրագրում։
«Լավ հիշում եմ իշխանությունների քննադատությունը. ասում էին՝ շահավետ չէ»,- գրել է Կարապետյանը։
Որպես օրինակ՝ նա նշել է Վրաստանում բացված նավթավերամշակման գործարանը։ Կարապետյանի խոսքով՝ գործարանը բացվել է ընդամենը վեց ամիս առաջ, այդ ընթացքում ունեցել է 500 մլն դոլարի շրջանառություն և դարձել երկրի խոշորագույն ձեռնարկություններից մեկը։
Նա նաև նշել է, որ նույն ժամանակահատվածում Վրաստանից նավթամթերքի արտահանումն աճել է 3000%-ով՝ շուրջ 30 անգամ։
«Երկրի հարցերի մեծ մասը կարող է լուծել հզոր տնտեսությունը։ Դրա համար երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թե «ամեն ինչից» ու ոչնչից»,- գրել է Կարապետյանը։
Ավելի վաղ Սամվել Կարապետյանի թիմը Վանաձորի զարգացման ծրագրի շրջանակում առաջարկել էր քաղաքում իրականացնել երկու խոշոր արդյունաբերական նախագիծ՝ վերականգնել պարարտանյութերի արտադրության քիմիական գործարանը և ստեղծել նավթավերամշակման կենտրոն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







