Ռուսաստանում մեկնարկել է Պետական դումայի 9-րդ գումարման ընտրությունների եռօրյա քվեարկությունը, հայտնում է Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Սեպտեմբերի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 8։00-ին, բացվել են Կամչատկայում և Չուկոտկայում բացվել են առաջին ընտրատեղամասերը։
Քվեարկությունը կշարունակվի սեպտեմբերի 18-ին, 19-ին և 20-ին։ ՌԴ նախագահի՝ հունիսի 16-ի հրամանագրով ընտրությունների հիմնական օրը սահմանվել է սեպտեմբերի 20-ը։
Պետդումայում կընտրվի 450 պատգամավոր․ նրանցից 225-ը՝ միամանդատ ընտրատարածքներից, ևս 225-ը՝ դաշնային ընտրատարածքից՝ կուսակցական ցուցակներով։
Պետդումայի ընտրություններին զուգահեռ՝ Ռուսաստանում անցկացվում են նաև տարածաշրջանային և տեղական ընտրություններ։ ԿԸՀ-ի տվյալներով՝ 2026 թվականի միասնական քվեարկության օրվա շրջանակում նախատեսված է ավելի քան 2200 տարբեր մակարդակի ընտրարշավ, որոնց ընթացքում կբաշխվի շուրջ 20 700 պատգամավորական մանդատ և ընտրովի պաշտոն։
Ռուսաստանի քաղաքացիները Հայաստանում կարող են քվեարկել սեպտեմբերի 20-ին՝ ժամը 8։00-ից մինչև 20։00-ն։ Երկու ընտրատեղամաս է բացվելու՝ Երևանում ՌԴ դեսպանությունում և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոսությունում։ Նախնական գրանցում չի պահանջվում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






