Եվրոպական խորհրդարանը հավանություն է տվել Եվրահանձնաժողովի՝ հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներ սահմանելու վերաբերյալ առաջարկին, հայտնել է Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 583 պատգամավոր, դեմ՝ 49-ը, ձեռնպահ՝ 39-ը։
«Իր սկզբունքներին հավատարիմ և իր դիրքորոշման մեջ հաստատուն՝ եվրոպական ժողովրդավարության տաճարը՝ Եվրոպական խորհրդարանը, աջակցեց Եվրոպական հանձնաժողովի առաջարկին՝ Made in Armenia արտադրանքի նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու վերաբերյալ։ Եվս մեկ նշանակալի քայլ Հայաստան-ԵՄ գործընկերության համար»,- գրել է Բալայանը։
Նախատեսվող միջոցները հնարավորություն կտան ժամանակավորապես զրոյացնել ԵՄ ներմուծվող հայկական ապրանքների մաքսատուրքերը՝ ընդգրկելով Հայաստանից Եվրամիություն արտահանման շուրջ 80%-ը։ Արտոնյալ ռեժիմը կգործի կանոնակարգի ուժի մեջ մտնելուց հետո երկու տարի։
Մասնավորապես, արտոնությունները կտարածվեն այն ապրանքային խմբերի վրա, որոնց բաժին է ընկնում Հայաստանից Ռուսաստան թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի արտահանման գրեթե 99%-ը, ինչպես նաև խմիչքների և ոգելից խմիչքների արտահանման ավելի քան 91%-ը։ Կանոնակարգը նախատեսում է նաև պաշտպանական մեխանիզմներ այն դեպքերի համար, երբ ներմուծման աճը բացասաբար կազդի ԵՄ արտադրողների վրա։
ԵՄ խորհուրդը սեպտեմբերի 2-ին, առանց փոփոխությունների, հավանություն էր տվել Եվրահանձնաժողովի առաջարկին։ Խորհրդում պարզաբանել էին, որ միջոցների նպատակն է աջակցել Հայաստանի տնտեսությանը Ռուսաստանի կողմից սահմանված առևտրային սահմանափակումներից հետո, որոնք ազդել են հայկական արտահանման և տարանցիկ ուղիների վրա, ինչպես նաև նպաստել արտահանման դիվերսիֆիկացմանը և Հայաստան-ԵՄ առևտրային հարաբերությունների ամրապնդմանը։
Հայաստանի համար արտոնյալ ռեժիմը նախատեսում է մի շարք պայմաններ, այդ թվում՝ ապրանքների ծագման կանոնների պահպանում, ԵՄ-ի հետ վարչական համագործակցություն, Եվրամիությունից ներմուծման նկատմամբ առևտրային նոր սահմանափակումներ չսահմանելու պարտավորություն, ինչպես նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիմնական դրույթների պահպանում։
Եվրախորհրդարանի դիրքորոշման ընդունումից հետո փաստաթուղթը պետք է հաստատի ԵՄ խորհուրդը։ Կանոնակարգն ուժի մեջ կմտնի ԵՄ պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու հաջորդ օրը։
ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Եվրամիության խորհուրդը հավանություն է տվել Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80%-ն ընդգրկող առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներին։
Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության կողմից («Ռոսսելխոզնադզոր») հայկական ապրանքների ներմուծման սահմանափակումներից հետո ՀՀ կառավարությունն աջակցման ծրագրեր էր նախաձեռնել։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 2-ին առաջարկել էր ազատականացնել Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80%-ը և ռուսական շուկայից կախված արտադրանքի մի մասը վերաուղղել դեպի Եվրամիություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







