Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է Հայաստանի համար Եվրամիության աջակցության նոր միջոցների մասին, այդ թվում՝ Հարավային Կովկասում ենթակառուցվածքային ծրագրերի համար մինչև 2 մլրդ եվրո մոբիլիզացնելու հնարավորության և առևտրի դիվերսիֆիկացման համար լրացուցիչ 18 մլն եվրոյի տրամադրման մասին։ Նա այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, որի ուղիղ հեռարձակումը անցկացրել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։
Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ միջազգային ֆինանսական գործընկերների հետ միասին ԵՄ-ն պատրաստ է մինչև 2 մլրդ եվրո մոբիլիզացնել Հարավային Կովկասում տրանսպորտային միջանցքների, էներգետիկ ենթակառուցվածքների և թվային նախագծերի զարգացման համար։ Հայաստանում միջոցները կարող են ուղղվել սահմանային անցակետերի և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացմանը։
Ֆոն դեր Լայենը նաև հայտարարել է Հարավային Կովկասում փոխկապակցվածության զարգացման համար 200 մլն եվրոյի «Գլոբալ դարպասներ» փաթեթի մասին։ Եվս 20 մլն եվրո կուղղվի սահմանամերձ համայնքների, փոքր բիզնեսի, գյուղատնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման և համայնքների միջև երկխոսության աջակցությանը։
Եվրահանձնաժողովի նախագահը հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է բախվել Ռուսաստանի կողմից զգալի տնտեսական ճնշման։
«Ես գիտեմ, որ Հայաստանը դեռևս բախվում է Ռուսաստանի կողմից նշանակալի տնտեսական ճնշման՝ գրեթե տնտեսական հարկադրանքի սահմանին։ Բայց վստահ եղեք՝ երբ մեր գործընկերների վրա ճնշումն ուժեղանում է, Եվրոպական Միությունն առաջ է գալիս և անում հնարավորը»,- ասել է նա։
Այս կապակցությամբ ԵՄ-ն Հայաստանին լրացուցիչ 18 մլն եվրո կհատկացնի առևտուրն ամրապնդելու և դիվերսիֆիկացնելու համար։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ միջոցները կարող են օգտագործվել, մասնավորապես, արտահանման խթանման գործակալություն ստեղծելու և հայկական ընկերությունների արտահանման կարողությունները զարգացնելու համար։
Ֆոն դեր Լայենը հստակեցրել է, որ 18 մլն եվրոն հունիսի սկզբին հայկական կողմի հետ քննարկված 52 մլն եվրոյի աջակցության փաթեթի վերջնական մասն է։
Բացի այդ, Եվրահանձնաժողովը ներկայացրել է ինքնավար առևտրային միջոցների՝ ATM-ների կիրառման առաջարկ, որը նախատեսում է Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80%-ի ազատականացում՝ սակագների վերացման հաշվին։
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ դա թույլ կտա հայկական արտահանման մի մասը, որն այժմ մեծապես կախված է ռուսական շուկայից, վերաուղղորդել դեպի Եվրամիության շուկա։ Հուլիսի կեսերին եվրոպացի փորձագետների խումբ կժամանի Հայաստան՝ արտադրողների և արտահանողների հետ աշխատելու համար։
Մեկնաբանելով էներգակիրների մատակարարումների դիվերսիֆիկացման հարցը՝ Ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ ԵՄ-ն նման իրավիճակներում մեծ փորձ ունի, մասնավորապես՝ Մոլդովայում և Ուկրաինայում։
Նա նաև աջակցություն է հայտնել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ ընդունված որոշումները պահանջում էին «քաղաքական խիզախություն և առաջնորդություն», իսկ դրանց արդյունքները «տպավորիչ» կլինեն։
Աշնանը Հայաստան կժամանի ԵՄ-ի նոր գնահատման առաքելություն, որը կգնահատի վիզային ռեժիմի ազատականացման գործընթացում գրանցված առաջընթացը և մնացած չափանիշների կատարումը, հավելել է Ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով՝ Հայաստանը միակ գործընկեր երկիրն է, որն այժմ ակտիվ երկխոսություն է վարում Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ։ Եվրահանձնաժողովի նախագահը շեշտել է, որ գործընթացը կախված է անհրաժեշտ պայմանների և բարեփոխումների կատարումից։ Դրանց ավարտից հետո ԵՄ-ն կկարողանա ներկայացնել առանց վիզայի ռեժիմի անցնելու առաջարկ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարել է, որ իշխանությունները ակնկալում են մինչև 2029 թվականը հասնել վիզային ռեժիմի ազատականացման։ Նրա խոսքով՝ շատ բան կախված է նրանից, թե որքան արագ և որակով Հայաստանը կիրականացնի բարեփոխումների օրակարգը։
Ֆոն դեր Լայենի հայաստանյան այցն ավարտվել է նույն օրը։ Նրան օդանավակայան է ուղեկցել Փաշինյանը։
Լայենը հունիսի 4-ին հայտարարել էր, որ Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան 50 մլն եվրոյի ֆինանսական աջակցություն՝ միտված հայկական ագրոպարենային արտադրանքի՝ եվրոպական շուկա մուտքի հեշտացմանը։ Հունիսի 17-ին Financial Times պարբերականը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը Հայաստանի հետ առևտրային հարաբերությունները բարելավելու նպատակով հրատապ կարգով միջոցառումների փաթեթ է պատրաստում։
Հունիսին Հայաստանից Լատվիա էր արտահանվել 5500, Լիտվա՝ 11 000, իսկ Ուկրաինա՝ 9500 ծաղիկ։ «Ռոսսելխոզնադզորում» նշել էին, որ 2025-ին ՌԴ-ում ծաղիկների ներմուծման ծավալը կազմել էր 96,2 մլն (հատ)։ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մինչ այժմ հայկական խմիչքների, սննդամթերքի և ծաղիկների արտահանման 84%-ից մինչև 98%-ն ուղղվել էր ռուսական շուկա։



































