Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզոր») հունիսի 12-ից սահմանափակումներ է մտցնում Հայաստանից բոլոր տեսակի բուսասանիտարական հսկողության ենթակա (կարանտինային) արտադրանքի ներմուծման, ինչպես նաև Ռուսաստանի տարածքով դեպի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) այլ երկրներ դրա տարանցման նկատմամբ։
Գերատեսչությունից հայտնում են, որ սահմանափակումները գործելու են մինչև մատակարարումների վերահսկողության մեխանիզմի համաձայնեցումը։
«Արգելքը կգործի մինչև առաքվող ապրանքների անվտանգության և հետագծելիության ապահովման հստակ ալգորիթմի մշակումը»,- ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Մոսկվայի և Երևանի հարաբերությունները լարվել են՝ հայկական կողմից ՀԱՊԿ գործունեության քննադատության և Հայաստանի՝ Եվրամիության հետ կապերի ընդլայնման շուրջ հայտարարությունների շրջափուլում։
Այս փուլում ՌԴ-ն սահմանափակել է ՀՀ-ից մի շարք ապրանքների ներմուծումը, կասեցրել ՌԴ-ում գտնվող խմբաքանակների իրացումը։ Ապրանքների թվում են ծաղիկները, «Ջերմուկ» հանքային ջուրը, խմիչքի առանձին խմբաքանակներ, մրգեր, բանջարեղեն, ինչպես նաև չրեր։ Հայկական ընկերությունների կողմից ձկան և ձկնամթերքի ներկրումը կասեցվել էր հունիսի 1-ին։
Դիտեք նաև՝
Ծաղիկները սպասում են ընտրություններին
Փաշինյանը սուբսիդիաներ է խոստացել ՌԴ սահմանափակումներից տուժած բիզնեսին





































