Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում՝ մի քանի լցանավի ուղղությամբ ԱՄՆ-ի հասցրած հարվածներից հետո առաջացել է մինչև 400 քառակուսի կիլոմետր մակերեսով նավթային հետք, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Der Spiegel ամսագրին և Greenpeace բնապահպանական կազմակերպությանը։
Կազմակերպության տվյալներով՝ սեպտեմբերի 9-ին աղտոտված տարածքը կազմել է մոտ 200 քառակուսի կիլոմետր։ Մեկ օր անց այն ընդլայնվել է՝ հասնելով մոտ 400 քառակուսի կիլոմետրի։ Der Spiegel-ը հայտնում է, որ աղտոտման աղբյուրը կարող է լինել 240 մետր երկարությամբ և 42 մետր լայնությամբ Riesco լցանավը, որը նավարկում է Զիմբաբվեի դրոշի ներքո։
Greenpeace-ը հայտնում է, որ արտահոսքը, ամենայն հավանականությամբ, սկսվել է սեպտեմբերի 8-ի երեկոյան կամ գիշերը։ Այդ ժամանակ հայտնաբերվել են միջադեպին համապատասխանող ջերմային անոմալիաներ։ Ամսագիրը նշում է, որ թեև նավթային հետքը ներկայումս շարժվում է բաց ջրերում, իրավիճակը կարող է կրիտիկական դառնալ, եթե հում նավթը հասնի ափ։
Բնապահպանները հատկապես մտահոգված են նավթի՝ Իրանի ափ հասնելու վտանգով, որտեղ գտնվում են Ռուդ-ե-Գազ և Ռուդ-ե-Հարա խոնավ տարածքները՝ շուրջ 150 քառակուսի կիլոմետր մակերեսով պահպանվող գոտի։ Այդ տարածքները բնակավայր են ձկների, ծովային կրիաների, ջրային օձերի և չվող թռչունների համար։
Սեպտեմբերի 8-ին ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ ամերիկյան զինվորականները ոչնչացրել են իրանական հինգ լցանավ։ Ըստ տվյալների՝ հարձակման են ենթարկվել Օմանի ծոցում գտնվող Kaviz, Charminar, Horizon 1 և Riesco լցանավերը։
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները սկսվել էին փետրվարի 28-ին։ Հունիսին կողմերը հրադադարի վերաբերյալ համաձայնության էին հասել։ Հուլիսից հակամարտությունը կրկին սրվել էր՝ ԱՄՆ-ի և Իրանի փոխադարձ հարվածների ու Հորմուզի նեղուցի շուրջ լարվածության ֆոնին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







