Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը սեպտեմբերի 11-ին մերժել է Անգլիայում և Ուելսում մահացու հիվանդ մարդկանց կյանքի ավարտին բժշկական աջակցություն տրամադրելու օրինագիծը, հայտնում է BBC-ն։
Նախաձեռնությանը դեմ է քվեարկել 286, կողմ՝ 270 պատգամավոր։ Քանի որ օրինագիծը չի հաղթահարել երկրորդ ընթերցումը, դրա քննարկումը խորհրդարանում չի շարունակվի։
Օրինագիծը նախատեսում էր, որ 18 տարին լրացած և որոշումներ կայացնելու ունակ անձինք, որոնց, բժիշկների գնահատմամբ, վեց ամսից պակաս կյանք էր մնացել, կարող էին դիմել կյանքի ավարտին բժշկական աջակցություն ստանալու համար։ Կարգավորումը տարածվելու էր միայն Անգլիայի և Ուելսի բնակիչների վրա։
Դիմումը պետք է առանձին հաստատեին երկու բժիշկ և մասնագիտական հանձնաժողով։ Նախատեսված էր նաև որոշումը վերանայելու առնվազն 14-օրյա ժամկետ։ Դեղամիջոցը հիվանդը պետք է ընդուներ ինքնուրույն։
Օրինագծի ընդդիմախոսները մտահոգություն էին հայտնել, որ առաջարկվող երաշխիքները բավարար չեն խոցելի անձանց հնարավոր հարկադրանքից պաշտպանելու համար։ Նրանք նաև կոչ էին արել առաջնահերթ զարգացնել պալիատիվ օգնության համակարգը։ Նախաձեռնության կողմնակիցները պնդում էին, որ մահացու հիվանդները պետք է իրավունք ունենան ինքնուրույն որոշելու իրենց կյանքի ավարտի հարցը։
Նմանատիպ օրինագիծը Համայնքների պալատն ընդունել էր 2025 թվականի հունիսին՝ 314 կողմ և 291 դեմ ձայներով, սակայն այն չէր հասցրել անցնել Լորդերի պալատի բոլոր փուլերը։
2026 թվականի հուլիսին Ֆրանսիայի Ազգային ժողովը, ի տարբերություն բրիտանական խորհրդարանի, վերջնական քվեարկությամբ ընդունել էր բժշկական աջակցությամբ կյանքից հեռանալու իրավունքի մասին օրինագիծը։ Այն նախատեսված է չափահաս քաղաքացիների և Ֆրանսիայում օրինական բնակվող անձանց համար, որոնք տառապում են ծանր, անբուժելի հիվանդությամբ, որը գտնվում է ուշ կամ մահացու փուլում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







