Ֆրանսիայի խորհրդարանը հուլիսի 15-ին վերջնական ընթերցմամբ ընդունել է մահվանն աջակցելու իրավունքի մասին օրինագիծը․ կողմ է քվեարկել 291, դեմ՝ 241 պատգամավոր, 29-ը ձեռնպահ է մնացել, հայտնում է Reuters-ը։
Ֆրանսիայի ԱԺ-ի պաշտոնական տվյալներով՝ քվեարկությանը մասնակցել է 561 պատգամավոր, քվեարկել է նրանից 532-ը։ Օրինագծի ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 267 կողմ ձայն։
Օրինագիծը խիստ պայմանների պահպանման դեպքում թույլ կտա մարդուն ստանալ մահաբեր դեղամիջոց։ Նախատեսվում է, որ այն հիմնականում կընդունի հենց հիվանդը, իսկ եթե նրա ֆիզիկական վիճակը թույլ չտա դա անել, դեղամիջոցը կկարողանա տալ բժիշկը կամ բուժքույրը։
Էֆթանազիայի իրավունքից կկարողանան օգտվել միայն 18 տարին լրացած Ֆրանսիայի քաղաքացիները կամ երկրում օրինական բնակության իրավունք ունեցող անձինք։ Նրանք պետք է ունենան ծանր և անբուժելի, կյանքին սպառնացող հիվանդություն, որը գտնվում է զարգացած կամ վերջնական փուլում։
Հիվանդը նաև պետք է ունենա հիվանդության հետ կապված մշտական ֆիզիկական կամ հոգեբանական տառապանք, որը հնարավոր չէ մեղմել կամ որն անձը համարում է անտանելի։ Դիմումը պետք է ներկայացվի ազատ և տեղեկացված որոշման հիման վրա՝ առանց արտաքին ճնշման։
Միայն հոգեբանական տառապանքը բավարար հիմք չի համարվի։ Ծանր հոգեկան խանգարումներ կամ նեյրոդեգեներատիվ հիվանդություններ, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդություն ունեցող անձինք չեն կարողանա օգտվել սահմանված ընթացակարգից։
Դիմումը պետք է ներկայացվի բժշկին, որը հիվանդի համապատասխանությունը կգնահատի առնվազն ևս մեկ բժշկի և մեկ այլ բուժաշխատողի հետ։ Բուժանձնակազմը պետք է որոշում կայացնի առավելագույնը 15 օրվա ընթացքում։
Դրական որոշման դեպքում հիվանդը պետք է առնվազն երկօրյա մտորումների ժամկետից հետո վերահաստատի իր դիմումը։ Մահաբեր դեղամիջոցի ընդունման ժամանակն ու վայրը կընտրի հիվանդը․ ընթացակարգը հնարավոր կլինի անցկացնել ինչպես տանը, այնպես էլ բժշկական հաստատությունում՝ ցանկության դեպքում հարազատների ներկայությամբ։
Ընտրված օրը բժիշկը կամ բուժքույրը պետք է կրկին համոզվեն, որ հիվանդը չի փոխել իր որոշումը։ Բուժաշխատողը կմնա մոտակայքում՝ հնարավոր բարդությունների դեպքում միջամտելու համար։ Ընթացակարգի հետ կապված ծախսերը կփոխհատուցի Ֆրանսիայի առողջության ազգային ապահովագրական համակարգը։
Բժիշկներն ու մյուս բուժաշխատողները կկարողանան հրաժարվել ընթացակարգին մասնակցելուց՝ իրենց համոզմունքներից ելնելով, սակայն նրանք պարտավոր կլինեն հիվանդին տրամադրել այն մասնագետների տվյալները, որոնք պատրաստ են իրականացնել ընթացակարգը։
Օրինագծի ընդունումը դեռ չի նշանակում, որ այն անմիջապես ուժի մեջ կմտնի։ Ֆրանսիայի սենատը, որտեղ մեծամասնություն ունի պահպանողական աջը, ավելի վաղ մերժել էր փաստաթուղթը, սակայն պալատների միջև անհամաձայնության դեպքում վերջնական որոշման իրավունքը պատկանում է Ազգային ժողովին։
Սենատի նախագահ Ժերար Լարշեն և վարչապետ Սեբաստիեն Լեկորնյուն հայտարարել են, որ օրինագիծը կուղարկեն Սահմանադրական խորհուրդ։ Կառույցը մինչև մեկ ամիս ժամանակ կունենա՝ որոշելու, թե արդյոք փաստաթուղթը համապատասխանո՞ւմ է Ֆրանսիայի սահմանադրությանը։ Օրենքը կարող է ուժի մեջ մտնել միայն այդ ստուգումից հետո։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անդրադառնալով քվեարկությանը, հայտարարել է, որ կատարել է 2022 թվականին ֆրանսիացիների հետ մահվանն աջակցելու հարցի քննարկում սկսելու վերաբերյալ իր խոստումը։ Նա նշել է, որ կյանքին, տառապանքին և մարդկային արժանապատվությանը վերաբերող հարցում անհրաժեշտ է երկարատև հասարակական և խորհրդարանական քննարկում։
Reuters-ի տվյալներով՝ փետրվարին անցկացված Ifop-ի հարցման մասնակիցների 84%-ը աջակցել էր օրինագծին։ Դրա կողմնակիցները կարծում են, որ նոր կարգավորումն անտանելի տառապանք ունեցող մարդկանց հնարավորություն կտա վերահսկել սեփական կյանքի վերջին փուլը։
Օրինագծին դեմ են հանդես եկել Կաթոլիկ եկեղեցին, կրոնական կազմակերպությունները, պահպանողական քաղաքական գործիչները և բուժաշխատողների մի մասը։ Նրանք մտավախություն են հայտնել, որ կարգավորումը կարող է ճնշում ստեղծել տարեցների, հաշմանդամություն ունեցող և ծանր հիվանդ մարդկանց վրա։
Ֆրանսիայի գործող օրենսդրությունը բժիշկներին թույլ է տալիս մահվան վերջնական փուլում գտնվող հիվանդներին պահել խորը և շարունակական քնի վիճակում՝ մինչև մահը, սակայն մինչ այժմ չի թույլատրել ո՛չ բժշկի աջակցությամբ ինքնասպանությունը, ո՛չ էվթանազիան։
Մահվանն աջակցելու տարբեր ձևեր արդեն թույլատրվել են Շվեյցարիայում, Բելգիայում, Նիդերլանդներում և եվրոպական մի շարք այլ երկրներում, ինչպես նաև ԱՄՆ-ի որոշ նահանգներում։ Այդ երկրներում գործող ընթացակարգերն ու իրավական սահմանափակումները տարբերվում են։






































