Ադրբեջանը նախատեսում է Հայաստանի հարավով և Նախիջևանով դեպի Թուրքիա էլեկտրահաղորդման գիծ անցկացնել, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովը։
Նրա խոսքով՝ նախագիծը կարող է վերածվել ավելի լայն՝ Կենտրոնական Ասիան, Ադրբեջանն ու Թուրքիան կապող էներգետիկ միջանցքի մասի։ Շահբազովը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի էներգետիկ համագործակցությունը նավթի և գազի ոլորտներից ընդլայնվում է նաև դեպի էլեկտրաէներգետիկա և կանաչ էներգիա։
Նա հավելել է, որ ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով մատակարարվում է տարբեր շուկաներ, իսկ Թուրքիա մատակարարումների ընդհանուր ծավալը հասել է 130 մլրդ խմ-ի։
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Ադրբեջանը պահանջում էր արտատարածքային «Զանգեզուրի միջանցք»՝ առանց մաքսային ու սահմանային ստուգումների անխոչընդոտ տարանցման պայմանով։ Հայաստանը մերժել էր դա՝ առաջ քաշելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որին հաջորդել էր 2025 թվականի օգոստոսին ԱՄՆ հովանու ներքո ստորագրված TRIPP («Թրամփի ուղի») համաձայնագիրը։ Ըստ փաստաթղթի՝ Հայաստանը պահպանում է իր ինքնիշխանությունը, սակայն ամերիկյան կոնսորցիումի ներգրավմամբ ապահովում է Ադրբեջանի համար դյուրացված տարանցում։
Բաքվի ու Անկարայի կողմից «միջանցք» տերմինի շարունակվող կիրառումն արդեն վերաբերում է ոչ միայն տրանսպորտային, այլև էներգետիկ ու թվային ենթակառուցվածքներին (էլեկտրահաղորդալարեր, կանաչ էներգիա), ինչն ադրբեջանական կողմն օգտագործում է նաև քաղաքական հռետորաբանության մեջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







