Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, ԱՄՆ-ի բանտում գտնվելու ընթացքում զգալիորեն նիհարել է և քնի հետ կապված խնդիրներ ունի. այս մասին նշված է նրա փաստաբանների՝ դատարան ներկայացրած փաստաթղթում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Ֆլորեսը դիմել է ԱՄՆ դատավորին՝ խնդրելով մինչդատական փուլում ազատ արձակել իրեն՝ պատճառաբանելով սրտի լուրջ հիվանդությունը։ Նրա փաստաբանները պնդում են, որ Ֆլորեսը պետք է դատավարությանն սպասի տնային կալանքի պայմաններում՝ շուրջօրյա զինված հսկողության և GPS-մոնիթորինգի ներքո։
Փաստաբանների խոսքով՝ կալանքի շարունակումը կարող է խոչընդոտել Ֆլորեսի առողջության պատշաճ վերականգնմանը։
ԱՄՆ-ն հունվարի 3-ին հարվածներ էր հասցրել Վենեսուելային, այդ թվում՝ մայրաքաղաք Կարակասին: Գործողության ընթացքում ԱՄՆ հատուկջոկատայինները ձերբակալել էին նախագահ Մադուրոյին և նրա կնոջը, նրանց դուրս էին բերել երկրից ու ԱՄՆ-ում մեղադրանք առաջադրել:
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հունվարի 6-ին ստանձնել էր երկրի նախագահի պաշտոնակատարի պարտականությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







