ՀՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը նշանակվել է Policy and Management Consulting Group միջազգային խորհրդատվական ընկերության ավագ խորհրդական, տեղեկանում ենք ընկերության պաշտոնական LinkedIn-յան էջից։
PMCG-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանը ներգրավված է, մասնավորապես, TRIPP («Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծ) ենթակառուցվածքային ծրագրի իրագործելիության գնահատման աշխատանքներում։
Ընկերությունը կարևորել է, որ Գրիգորյանը 2018-2026թթ․ զբաղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը, իսկ 2021-ին կարճ ժամանակով ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարն էր։
PMCG-ն միջազգային զարգացման և կառավարման խորհրդատվական ընկերություն է, որը գործում է ԱՄՆ-ում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Ուզբեկստանում, Լեհաստանում և Իռլանդիայում։ Ընկերությունը մասնագիտացած է տնտեսական քաղաքականության, հանրային ֆինանսների, պետական կառավարման, ինստիտուցիոնալ բարեփոխումների և ենթակառուցվածքների ոլորտներում խորհրդատվության մեջ։
PMCG-ի նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը Վրաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսի Ալեքսիշվիլին է, որը երկրի Ֆինանսների նախարարի պաշտոնն զբաղեցրել էր 2005-2007 թվականներին։
Հայաստանում 2026-ից ընկերությունը գործում է PMCG Armenia LLC-ի միջոցով և գրասենյակ ունի Երևանում։ Բաց աղբյուրներում առայժմ հստակ տեղեկություն չկա, թե ո՞ւմ պատվերով և ի՞նչ պայմաններով է PMCG-ն ներգրավվել TRIPP-ի իրագործելիության գնահատման աշխատանքներում։
Գրիգորյանը մոտ ութ տարի՝ 2018 թվականից մինչև 2026 թվականի օգոստոսի 13-ը, զբաղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Նրա պաշտոնանկությունից հետո ԱԽ քարտուղար է նշանակվել Ալեն Սիմոնյանը։
Գրիգորյանի պաշտոնանկությունից հետո ԶԼՄ-ները գրել էին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան առաջարկել էր վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը, սակայն նա հրաժարվել էր առաջարկից։
ԶԼՄ-ները նաև հայտնել էին, որ արևմտյան երկրների ներկայացուցիչները Հայաստանի իշխանություններին հորդորել են Գրիգորյանին ուժային կառույցներում առանցքային պաշտոնի նշանակել։ Ավելի ուշ ԶԼՄ-ները գրել էին Գրիգորյանին եվրոպական առանցքային որևէ երկրում դեսպան նշանակելու հավանականության մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







