Թուրքիայի Անթալիայի նահանգում բռնկված անտառային հրդեհների պատճառով իշխանությունները տարհանել են առնվազն 254 տան բնակիչների։ Երկու մարդ հոսպիտալացվել է, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Հրդեհը բռնկվել է սեպտեմբերի 7-ի երեկոյան՝ Աքսու շրջանում։ Ուժեղ քամու պատճառով կրակը արագ տարածվել է նաև հարևան Քեփեզի շրջանում։ Երկու մարդ ոտքերի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, ևս վեցը դեպքի վայրում բուժօգնություն է ստացել՝ ծուխը շնչելու հետևանքով։
Հրդեհի հետևանքով ավելի քան 2000 տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Իշխանությունները ժամանակավորապես փակել են Անթալիան Իսպարտային կապող մայրուղին։ Աքսուի կենդանիների ապաստարանից տարհանել են նաև ավելի քան 100 շուն։
Հրդեհի դեմ պայքարում ներգրավվել են առնվազն 5 ինքնաթիռ, 10 ուղղաթիռ, 110 հրշեջ մեքենա և շուրջ 600 մարդ։
Ավելի վաղ հրշեջները մարել էին նաև Ադանայի և Մերսինի նահանգներում բռնկված հրդեհները։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







