Արարատի մարզում` Մասիս քաղաքի «Եդեմ» հիվանդանոցում, 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է, 5 անձ է ձերբակալվել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժին զանգահարել է Արարատի մարզի 29-ամյա բնակիչ Արես Ե․-ն և հայտնել, որ Արարատի մարզի 69-ամյա բնակիչ Իրա Զ․-ն ընդհանուր անզգայացման ընթացքում մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ հիվանդանոցի բուժքույրեր՝ Արարատի մարզի 54-ամյա բնակիչ Երանուհի Խ․-ն և 71-ամյա բնակիչ Շողիկ Ա․-ն, անեսթեզիոլոգ, Արարատի մարզի 67-ամյա բնակիչ Կարեն Բ․-ն, շտապօգնության բժիշկ, Երևանի 38-ամյա բնակիչ Դավիթ Գ․-ն, ինչպես նաև «Եդեմ» բժշկական կենտրոնի տնօրեն, Արարատի մարզի 67-ամյա բնակիչ Մհեր Ե․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժին։
Դեպքի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







