Արհեստական բանականությունը հսկայական հնարավորություններ է բացում Հայաստանի համար և կարող է էապես փոխել դեղագործությունը, պետական կառավարումը, հարկային համակարգն ու արդարադատությունը, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Խոսելով Հայաստանի հեռանկարների մասին՝ Կարապետյանը կոչ է արել փոխել երկրի զարգացման և այդ զարգացման մեջ ներդրումներ կատարողների նկատմամբ մոտեցումը։
«Այս ամենը մեր երկրի համար էլ հսկայական հնարավորություններ է բացում։ Պարզապես պետք է դուրս գալ «սպորտզալ ու բետոնուզել խլողի» տեղային մտածելակերպից և աշխարհին նայել գլոբալ ու մասշտաբային հայացքով»,- գրել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ աշխարհը կանգնած է նոր՝ ինտելեկտուալ հեղափոխության շեմին։ Եթե 19-րդ դարի արդյունաբերական հեղափոխության ժամանակ հաստոցները փոխարինել էին մարդու ֆիզիկական աշխատանքին և հիմք դրել ժամանակակից տնտեսության ձևավորմանը, ապա այսօր AI սերվերներն սկսում են փոխարինել մարդու ինտելեկտուալ աշխատանքին։
Կարապետյանի տվյալներով՝ 2024 թվականի համեմատ՝ երկու տարվա ընթացքում AI-ի հաշվարկային հզորություններն աճել են 500%-ով։ Նրա գնահատմամբ՝ եթե այս տեմպը պահպանվի, մինչև 2035 թվականը սերվերները կհասնեն մարդու ուղեղի էներգաարդյունավետությանը՝ սկիզբ դնելով «ինտելեկտուալ հեղափոխությանը»։
Կարապետյանը նշել է չորս ոլորտ, որտեղ, նրա գնահատմամբ, AI-ը կարող է էական փոփոխություններ բերել՝ դեղագործություն, կոռուպցիայի դեմ պայքար, հարկային համակարգ և արդարադատություն։
Նրա խոսքով՝ AI-ի և համակարգչային մոդելավորման կիրառումը կարող է դեղերի փորձարկման ժամկետները տարիներից կրճատել մինչև ժամերի։ Պետական գնումներում տեխնոլոգիան կարող է օգնել հաշվարկել իրական շուկայական գները և նվազեցնել չարաշահումների ռիսկերը, իսկ բանկային գործարքների և այլ համակարգային տվյալների վերլուծությունը՝ բացահայտել ստվերային տնտեսությունը։
Կարապետյանի գնահատմամբ՝ AI-ն կարող է նաև էապես արագացնել վարչական գործերի քննությունը և նվազեցնել դատական համակարգում մարդկային գործոնի ազդեցությունը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







