ՀՀ քննչական կոմիտեում քննարկվում է Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանին պաշտոնից ազատելու հարցը, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ Վարդանյանը նաև հրավիրվել և հարցաքննվել է Հակակոռուպցիոն կոմիտեում, որը քննում է ոստիկանության ծառայողի նկատմամբ ենթադրյալ խոշտանգման դեպքը։
Միջադեպը տեղի էր ունեցել օգոստոսին՝ Երևանի Մալաթիա վարչական շրջանում գտնվող քննչական ստորաբաժանման հարևանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետի մոտ ծագած կոնֆլիկտից հետո։ Դրան ներգրավվել էր ոստիկանության Եղվարդի բաժնի օպերլիազոր Սարգիս Բագրատունյանը, որը հետագայում կալանավորվել էր 2 ամսով։
Բագրատունյանի հարազատներն ու փաստաբանը պնդում են, որ ոստիկանության ծառայողին ծեծի էին ենթարկել ՔԿ շենքում, որին, ըստ նրանց, մասնակցել էր նաև Վարդանյանը։ ՔԿ-ն հերքել էր այդ պնդումները և հայտարարել, որ Բագրատունյանն ու նրա ավելի քան 20 հարազատ բռնություն են գործադրել քննիչների նկատմամբ և խուլիգանական գործողություններ կատարել։
Ոստիկանության ծառայողի նկատմամբ ենթադրյալ բռնության մասին հաղորդումից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







