Բիշքեկում ավարտվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Հանդիպումը մեկնարկել էր օգոստոսի 31-ին՝ ժամը 13։05-ին՝ Բիշքեկում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են խաղաղության գործընթացը, տնտեսական, առևտրային և էներգետիկ համագործակցության ընդլայնումը, սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի շարունակումը, TRIPP նախագծի իրականացման հետագա քայլերը, ինչպես նաև խորհրդարանականների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև շփումների զարգացումը։
Փաշինյանը և Ալիևը պայմանավորվել են երկկողմ անմիջական շփումների միջոցով շարունակել քայլերը՝ ուղղված տևական խաղաղության ամրապնդմանը և միջպետական հարաբերությունների կարգավորմանը։
Փաշինյանը Բիշքեկ է ժամանել երկօրյա աշխատանքային այցով։ Նա կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափով հանդիպմանը և դրա շրջանակում նախատեսված միջոցառումներին։
2026 թվականին սա Փաշինյանի և Ալիևի երկրորդ դեմ առ դեմ հանդիպումն էր։ Առաջինը կայացել էր փետրվարի 4-ին՝ Աբու Դաբիում։ Օգոստոսի 8-ին կողմերը նաև հեռախոսազրույց էին ունեցել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







