ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ենթարկվել է բժշկական միջամտության, որից ելնելով՝ բժիշկը հավելյալ հետազոտության կարիք է տեսել, լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ հայտնել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։
«Նախագահը վերջերս ենթարկվել էր բժշկական միջամտության, ինչի մասին, բնականաբար, չենք հաղորդել: Ներկա պահին բժիշկը, ելնելով այդ փաստից, հավելյալ հետազոտության կարիք է տեսել»,- նշել է Միկոյանը:
Նախկին նախագահի որդին՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը, լրատվամիջոցներին հայտնել է, որ մոտ 2 շաբաթ առաջ հայրը սրտի միջամտության էր ենթարկվել։
Իրավապահները Քոչարյանին, նրա ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, և ևս 8 անձի տարբեր դրվագներով, բայց մեկ քրեական վարույթի շրջանակում մեղադրանքներ են առաջադրել։ Նախկին նախագահին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Այսօր առավոտյան ՀԿԿ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ հայր և որդի Քոչարյանները ձերբակալվել են։ Քոչարյանի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին։
Կարդացեք նաև՝
Իրավապահները խուզարկում են Քոչարյանների տունը. ինչ է հայտնի այս պահին
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







