Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ուսումնասիրում է անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանի՝ օգոստոսի 17-ի հրապարակումն ընդդիմադիր պատգամավորների մասին՝ պաշտոնատար անձանց վարքագծի կանոնների հնարավոր խախտման տեսանկյունից, գրում է «Ժողովուրդ» թերթը՝ հղում անելով հանձնաժողովի պատասխանին։
Գերատեսչությունից պարբերականին հայտնել են, որ հրապարակումը և դրա հետ կապված մեդիա նյութերն ուսումնասիրվում են մեդիա մոնիթորինգի շրջանակում։
Հանձնաժողովը պետք է պարզի, թե արդյոք առկա են օրենսդրական հիմքեր՝ Սիմոնյանի կողմից վարքագծի կանոնների հնարավոր խախտման փաստով վարույթ հարուցելու համար։
Սիմոնյանը ընդդիմադիր պատգամավորների հասցեին օգտագործել էր «մանկապարտեզի սաներ» և «փոքրիկ ծաղրածուներ» արտահայտությունները, ինչպես նաև սպառնացել էր «տրորել» նրանց։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վերահսկում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնների և շահերի բախման կարգավորման պահանջների պահպանումը։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով Սիմոնյանի՝ իրենց քաղաքական ուժի հասցեին հնչեցված հայտարարություններին, նշել էր, որ չարժե «սպիսատ» արած մարդկանց անդրադառնալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







