ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանին, ձերբակալել են պատվիրված սպանության գործով, Armenia Today-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Աբրահամյանը նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է։
Քննության վարկածով՝ նա մեղադրվում է «Ավետարանական հավատքի քրիստոնյաներ» կազմակերպության հովիվ Ս․ Վ․-ի սպանությունը կազմակերպելու մեջ, որը տեղի է ունեցել 2023 թվականի ապրիլի 30-ին Երևանի Մյասնիկյան պողոտայում գտնվող բնակելի շենքի մոտ։
ՔԿ-ից հայտնել են, որ Աբրահամյանը կասկածել է կնոջը հովվի հետ անձնական հարաբերություններ ունենալու, ինչպես նաև նրան խոշոր չափերի գումարներ փոխանցելու մեջ։ Քննության տվյալներով՝ վրեժխնդրությունից դրդված նա սպանությունը հանձնարարել է իր թիկնապահ Գ․ Խ․-ին, որն էլ կրակել է հովվի վրա։
Ենթադրյալ կատարողի վերաբերյալ քրեական գործը՝ սպանության և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով 2024 թվականի ապրիլին ուղարկվել էր դատարան։
Աբրահամյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ պատվիրված սպանություն կատարելուն դրդելու մեղադրանքով։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն օգոստոսի 8-ին ձերբակալել են նրան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ դատարան ներկայացնելու համար։
Ավելի ուշ ՀՀ ՄԻՊ-ն անթույլատրելի է համարել Արգամ Աբրահամյանի գործով հաղորդագրության մեջ նրա անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումը։ «Անհասկանալի է, թե օրենքով սահմանված ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում նշված տվյալների հանրայնացումը և ինչու՞ է դա անհրաժեշտ հանրությանը վարույթի վերաբերյալ տեղեկացնելու համար»,- նշվում է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
ՄԻՊ-ը նաև կոչ է արել պահպանել անմեղության կանխավարկածը։ «Անձի նկատմամբ քրեական վարույթի իրականացումը կամ ձերբակալությունը չի կարող ներկայացվել կամ լուսաբանվել այնպիսի ձևաչափով, որը կարող է հանրության շրջանում ձևավորել նրա մեղավորության վերաբերյալ կանխակալ վերաբերմունք՝ նախքան մեղավորությունը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը»,- շեշտել են ՄԻՊ-ից։
Արգամ Աբրահամյանի ձերբակալությանը նախորդել են քրեական հետապնդումները նրա հոր՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի և աներոջ՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ։
Ծառուկյանին կալանավորել են նախընտրական քարոզարշավի ընթացքում նրա հասցեին Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հրապարակային սպառնալիքներից հետո։ Մայիսին վարչապետը սպառնացել էր «ծնկի բերել» և «ոչնչացնել» Ծառուկյանին՝ մյուս ընդդիմադիրների շարքում, ինչպես նաև հայտարարել էր նրան պատկանող «Արարատցեմենտը» պետականացնելու մտադրության մասին։ Հուլիսի 7-ին դատարանը երկու ամսով կալանավորել է Ծառուկյանին՝ խարդախության և փողերի լվացման գործով։
Քրեական հետապնդում ավելի վերջերս նախաձեռնվել էր նաև Արգամ Աբրահամյանի հոր՝ Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ։ Նրան մեղադրում են փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու մեջ։ 2025 թվականի հունիսին Աբրահամյանին ձերբակալել և տնային կալանքի տակ էին պահել, իսկ հուլիսի 28-ին խափանման միջոցը մեղմացվել էր՝ դառնալով վարչական հսկողություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







