ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս փուլում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Եվրոպական միության (ԵՄ) միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելը գործնական իմաստ չունի։ Այս մասին նա հայտարարել է Չոլպոն-Ատայում (Ղրղզստան) ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում՝ անդրադառնալով Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ղեկավարների կոչին՝ անցկացնել նման հանրաքվե Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի ընդունումից հետո։
«Մենք հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միությանն ու Եվրոպական միությանն անդամակցությունը միաժամանակ անհնար է»,- հայտարարել է Փաշինյանը։ Նրա ելույթի հեռարձակումն իրականացրել է Armenia Today-ի YouTube-յան ալիքը։
Վարչապետի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին Հայաստանում ընդունված օրենքն ինքնին չի նշանակում, որ երկիրը դառնում է Եվրամիության անդամ։ Դրա համար Հայաստանը պետք է պաշտոնական հայտ ներկայացնի, ստանա թեկնածուի երկրի կարգավիճակ, անցնի նախատեսված ընթացակարգերն ու ստանա ԵՄ անդամ բոլոր երկրների համաձայնությունը։
Հենց այդ պատճառով, Փաշինյանի խոսքով, այս փուլում անհնար է անցկացնել հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիներին կառաջարկվեր ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։
«Դա կնշանակեր, որ մենք Հայաստանի քաղաքացիներին առաջարկում ենք ընտրություն կատարել երկու այլընտրանքների միջև, որոնցից մեկը դեռևս գոյություն չունի։ Դա անհարգալից կլիներ մեր ժողովրդի նկատմամբ և գործնականում նման հանրաքվեն կզրկվեր լեգիտիմությունից»,- պարզաբանել է Փաշինյանը։
Միևնույն ժամանակ Փաշինյանն ընդգծել է, որ ԵԱՏՄ երկրների հարաբերությունների զարգացումը երրորդ պետությունների ու միավորումների հետ չպետք է ընկալվի որպես «զրոյական գումարով խաղ», որտեղ որոշ կապերի ամրապնդումը պարտադիր տեղի է ունենում մյուսների հաշվին։
Նիստից առաջ Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինի հետ։ Նրանք զրուցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների համատեղ լուսանկարահանման հարթակ գնալու ճանապարհին և շարունակել են զրույցը նիստերի դահլիճ գնալիս։ Չոլպոն-Ատայում կայացած հանդիպումը դարձել է Միշուստինի և Փաշինյանի առաջին առերես հանդիպումը ՀՀ վարչապետ վերանշանակվելուց հետո։
Փաշինյանը հունիսի 2-ին հայտարարել էր, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեմայով հանրաքվեն հնարավոր է միայն, երբ Երևանը պաշտոնապես կդիմի Եվրոպական միությանը կամ երբ երկիրը կստանա թեկնածուի կարգավիճակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







