«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանն առաջարկել է մեկ ամսով հետաձգել Լոռու մարզում բարեգործական նվիրատվությունների սահմանափակումների կիրառումը՝ բերքահավաքը չխաթարելու նպատակով։
Օգոստոսի 4-ին ընտրություններ նշանակելու որոշումից հետո մարզում ուժի մեջ են մտել նախընտրական ժամանակահատվածում բարեգործական նվիրատվությունների սահմանափակումները։ Ըստ պատգամավորի՝ դրա հետևանքով գյուղին նվիրած կոմբայնը չի կարող սկսել աշխատանքը, չնայած խոտհունձն արդեն մեկնարկել է։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 30-ի իր ճեպազրույցում հայտարարել էր, որ իշխանությունը կձեռնարկի քայլեր, որ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները չկարողանան համայնքներում բարեգործական գործունեություն իրականացնել։ Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը օգոստոսի 4-ին ճեպազրույցում պատասխանել էր՝ ընդգծելով, որ երկար տարիներ զբաղվել է ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի համար բարեգործական ծրագրերով և մտադիր է դրանք շարունակել՝ անկախ հանգամանքներից:
Գևորգյանն ընդգծել է, որ հունձի մեկնարկից հետո մարզպետի համապատասխան որոշմամբ ուժի մեջ է մտել բարեգործության արգելքը, ինչի հետևանքով, ըստ նրա, դադարեցվել է գյուղացիներին ցուցաբերվող աջակցությունը։
«Կա՛մ կարգավորեք այդ խնդիրները, կա՛մ թողեք մենք կարգավորենք»,- ասել է Գևորգյանը՝ կոչ անելով իշխանություններին լուծել խնդիրը, որպեսզի բարեգործական ծրագրերի կազմակերպիչները պատասխանատվություն չկրեն բնակիչներին օգնելու համար։
Գևորգյանը հավելել է, որ բացի գյուղատնտեսական տեխնիկայից, առկա են նաև տրանսպորտային աջակցության այլ բարեգործական ծրագրեր, և կոչ է արել իշխանություններին կա՛մ ինքնուրույն լուծել այդ սոցիալական խնդիրները, կա՛մ հնարավորություն տալ ընդդիմությանը կարգավորելու դրանք։
«Կոմբայնը հասել է գյուղի կենտրոնում կանգնած է, ո՞նց ենք կազմակերպում, ես առաջարկ ունեմ, բերեք ձեր մարզպետին ասենք, մի ամսով այս կարգավորումը հետաձգենք, մարդիկ չկանգնեն լուրջ հարցի առջև, որովհետև այդ կոմբայինը մարդկանց շատ է օգնելու»,- ընդգծել է նա։
«Ուժեղ Հայաստան»-ը հուլիսին Լոռու երեք գյուղի շուրջ 40 մլն դրամ արժողությամբ կոմբայն էր նվիրել։ Հուլիսի 28-ին դաշինքը ամփոփել էր Ստեփանավանում տրված խոստումների իրագործման ընթացքը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







