«Ուժեղ Հայաստան» դաշինքն ամփոփել է Ստեփանավան և հարակից բնակավայրեր կատարած այցի արդյունքները՝ հայտնելով, որ մեկնարկել են գյուղտեխնիկայի ձեռքբերման, հինգերորդ երեխա ունեցող ընտանիքին բնակարան տրամադրելու և տարածաշրջանում տրանսպորտային անվճար երթուղի կազմակերպելու ծրագրերը։
Դաշինքի ներկայացուցիչների խոսքով՝ Ստեփանավանի տարածաշրջանում արդեն ընտրվել է այն ընտանիքը, որտեղ այս տարի ծնվել է հինգերորդ երեխան։ Նշվել է, որ ընտանիքը դիմել է ծրագրին, իսկ բնակարանի ձեռքբերման գործընթացն արդեն ընթացքի մեջ է։
«Ուժեղ Հայաստան»-ը նաև տեղեկացրել է, որ շարունակվում է Գյուլագարակ, Կուրթան և Գարգառ համայնքների համար կոմբայնի ձեռքբերման գործընթացը։
Ծրագրի իրականացմամբ զբաղվելու է բարեգործական հասարակական կազմակերպություն, որը պատասխանատու կլինի նաև տեխնիկական սպասարկման համար։ Բացի այդ, նախատեսվում է ներգրավել ևս մեկ կոմբայն, որպեսզի հնարավոր լինի սպասարկել Ստեփանավանի տարածաշրջանի ցորենի դաշտերի շուրջ 80%-ը։
Դաշինքի ներկայացուցիչների գնահատմամբ՝ ծրագիրը կնպաստի բերքահավաքի ինքնարժեքի նվազեցմանը և գյուղատնտեսական արտադրության ծախսերի կրճատմանը։ Նրանք նաև հայտնել են, որ հետագայում նախատեսվում է ուսումնասիրել տարածաշրջանում մթերման կայան ստեղծելու հնարավորությունը, ինչը, ըստ նախաձեռնության հեղինակների, թույլ կտա ձևավորել ցորենի ամբողջական արտադրական շղթա։
Հանդիպման ընթացքում հայտարարվել է նաև, որ այս շաբաթ նախատեսվում է այցելություն Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջան՝ տեղում բնակիչների խնդիրներին ծանոթանալու և առաջնահերթ ծրագրերը քննարկելու նպատակով։ Դաշինքում նշել են, որ նախորդ ընտրություններում Նոյեմբերյանի մի շարք գյուղերում ստացել են բարձր աջակցություն, ինչի համար շնորհակալություն են հայտնել բնակիչներին։
Ավելի վաղ Լոռու մարզում սկսել էր գործել անվճար տրանսպորտային ծառայություն, որի գործարկումը խոստացել էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանը։ Դաշինքը նաև մարզի մի շարք համայնքների նոր հացահատիկային կոմբայն է նվիրել, ինչի մասին խնդրել էին բնակիչները։
Խորհրդարանական ընտրություններից հետո «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները շարունակել են այցելությունները մարզեր և ներկայացրել Հայաստանի մարզերի բնակիչների խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Դաշինքը նաև Ստեփանավանի բնակիչներին առաջարկել էր ինքնուրույն ընտրել այն նախագիծը, որը թիմը կիրականացնի քաղաքի համար։




































