Վարչապետի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Տարոն Չախոյանը խորհրդարանում քննադատական հայտարարություններ է հնչեցրել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ- հասցեին, ինչը դահլիճում ընդդիմադիրների դժգոհությունն է առաջացրել։
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, դահլիճից արձագանքելով հնչեցված մեղադրանքներին՝ կոչ է արել հարգանքով վերաբերվել Հայ Առաքելական եկեղեցուն և կաթողիկոսին՝ ընդգծելով, որ պետական բարձր ամբիոնից նման լեզվամտածողությունն ու հռետորաբանությունն անընդունելի են։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա մայիսից խիստ քննադատության է ենթարկում Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարությանը և կոչ անում փոխել կաթողիկոսին։ Հունվարին Փաշինյանը հայտարարել էր Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) բարեփոխման համակարգող խորհրդի ստեղծման մասին և ներկայացրել «ճանապարհային քարտեզ»։
Փետրվարին դատախազությունը քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ և արգելել նրա ելքը Հայաստանից։ Գործը կապված է նախկինում կարգալույծ արված Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի գործով դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքի հետ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



