ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը հրաժարական է ներկայացրել։ Փաշինյանն ստորագրել է կառավարության հրաժարականը և այն ուղղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։
ՀՀ սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ կառավարությունն Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրը Հանրապետության նախագահին է ներկայացնում իր հրաժարականը։ Մինչև նոր կառավարության ձևավորումը կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները:
Ըստ Սահմանադրության 149-րդ հոդվածի՝ նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։
Ավելի ուշ Խաչատուրյանն ընդունել է կառավարության հրաժարականը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է Փաշինյանի թեկնածությունը։ Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջնորդվելով ՀՀ սահմանադրության 149-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահին է ներկայացվել Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






