Անցնել բովանդակությանը
Հինգշաբթի, Նոյեմբերի 26
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր0°
  • Կապան+6°
  • Սևան−4°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Հինգշաբթի, Նոյեմբերի 26 01:15

«Թող իրեն նայի». Կարապետյանը Փաշինյանի՝ բարեգործությունն արգելող խոսքերին ի պատասխան

«Թող իրեն նայի». Կարապետյանը Փաշինյանի՝ բարեգործությունն արգելող խոսքերին ի պատասխան

«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը մեկնաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ դաշինքի ներկայացուցիչներին Հայաստանում բարեգործությամբ զբաղվելու հնարավորությունից զրկելու մտադրության մասին։

Ավելի վաղ Կարապետյանը, Լոռու մարզ կատարած այցից հետո, ընտրությունների արդյունքները հաշվի առնելով՝ ազդարարել էր համայնքներին գյուղտեխնիկայի փոխանցման, մարզում անվճար հասարակական տրանսպորտի գործարկման, ինչպես նաև բնակարանի տրամադրման մասին այն ընտանիքին, որտեղ կծնվի հինգերորդ երեխան։

Փաշինյանը հուլիսի 30-ին կայացած ճեպազրույցում, մեկնաբանելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի բարեգործական ծրագրերը Լոռու մարզում, որտեղ դաշինքն ավելի շատ ձայներ էր հավաքել, քան «Քաղաքացիական պայմանագիրը», դրանք անվանել էր «օլիգարխիական բարեգործություն» և «թալան», որը, նրա խոսքով, «լավ տեղ չի տանում»։

Նա նաև հայտարարել էր, որ նման նախագծերը ֆինանսավորվում են չարաշահումների հետևանքով ստացված միջոցների հաշվին՝ «ժողովրդի հետ կիսվելու» միակ թույլատրելի եղանակ անվանելով պետական և համայնքային մեխանիզմների կիրառումը։

«Պետք է իրենց բերել այն վիճակի, որ դա չկարողանան անել, իսկ մենք դա անելու ենք»,- հայտարարել էր վարչապետը։

Կարապետյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարվել բարեգործական նախաձեռնություններից։

«Ի՞նչ անենք, չանե՞նք բարեգործություն, իր պես մարդ բռնել տանք ամբողջ օրը, երեխեքին առանց հոր մի քանի ամիս թողե՞նք»,- հայտարարել է Կարապետյանը և վարչապետին կոչ արել «ուրիշներին քննադատելուց առաջ նախ ինքն իրեն նայել»։

Վարչապետը դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին մեղադրել էր «ժողովրդին կողոպտելու» մեջ և սպառնացել միջոցներ ձեռնարկել, որոնք թույլ չեն տա նրա քաղաքական ուժին շարունակել նման նախագծերի անհատույց իրականացումը։

Կարապետյանն անդրադարձել է նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեության վերաբերյալ Փաշինյանի հայտարարություններին։ Նա հերքել է մեղադրանքներն այն մասին, թե դպրոցների էլեկտրաէներգիայի հաշիվներում հավելագրումներ թույլ տված աշխատակիցները մնացել են անպատիժ։

Կարապետյանի խոսքով՝ 6 ամսվա ընթացքում խախտումների համար աշխատանքից ազատվել է շուրջ 40-50 մարդ, ևս 30 աշխատակցի նկատմամբ անցկացվել են ծառայողական քննություններ։ Նա հավելել է, որ ներքին ստուգման արդյունքներով սպառողներին ավելի շատ միջոցներ են վերադարձվել, քան իշխանությունների միջամտությունից հետո։

Կարապետյանը նշել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» սեփականատերերը հավելագրումների խնդրի մասին իմացել են դեռ ընկերությունը ձեռք բերելիս և կառավարման անցնելու պահից միջոցներ են ձեռնարկել այն լուծելու ուղղությամբ։

Նրա խոսքով՝ ընկերության կառավարման փոփոխությունից հետո նման խախտումների նկատմամբ վերահսկողությունը բավարար չէր։

Կարապետյանը քննադատել է նաև իշխանության մոտեցումները բարեգործության, մասնավոր սեփականության և «Արարատցեմենտ» գործարանի պետականացման հարցերի վերաբերյալ։ Նա շեշտել է մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը։

«Այն, ինչ իրենը չէ, իրենը չէ, իմը չէ, իրենն էլ չէ, պետությանն էլ չէ, սեփականատիրոջինն է։ Ընդհանրապես, մարդու ունեցվածքն այդ մարդու սեփականությունն է, սեփականազրկե՞նք մարդկանց։ Ուրիշներին ասելուց առաջ ինքն իրեն թող նայի»,- ընդգծել է նա։

Նա անդրադարձել է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթին և Փաշինյանի անցյալին։

«Պետք է ուղղակի նստեի՞նք «Հայկական ժամանակի» գրասենյակում ու բոլորի անունով բան գրեի՞նք, թե ինչ-որ քայլ անեի՞նք։ Ինքը դեռ հարկերի առումով խնդիրներ ունի, շատ լրատվամիջոցներ այս պահին այդ խնդիրները չունեն։ Ասում է՝ մի տեղ գնացի, դարպասները վատ էին, «Հայկական ժամանակի» դարպասները տեսե՞լ եք, թող գնա «Հայկական ժամանակի» դարպասներով զբաղվի»,- շեշտել է նա։


© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+