Օմանն Իրանին է ներկայացրել Հորմուզի նեղուցի համատեղ տարածաշրջանային կառավարման առաջարկ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց տվյալներով՝ Օմանի առաջարկը վայելում է տարածաշրջանային աջակցությունը և ներկայացվել է Թեհրանում Իրանի պաշտոնյաներին: Առաջարկի համաձայն՝ Իրանը չի իրականացնի նեղուցի նկատմամբ միանձնյա վերահսկողություն:
Նախաձեռնությունը հիմնված է Մալակկայի նեղուցի օրինակի վրա, որտեղ նավագնացության ընկերությունները նպաստում են նավիգացիոն անվտանգության սարքավորումների, այդ թվում՝ լողանների և փարոսների պահպանմանը:
Օմանի առաջարկի համաձայն՝ Հորմուզի նեղուցն օգտագործողները կամավոր կերպով կմասնակցեն հիմնադրամին, որը կֆինանսավորի նավագնացության ծախսերը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, որոնողական-փրկարարական գործողությունները և այլ ծառայություններ:
ԱՄՆ-ն ու Իսրայելը պատերազմ էին սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին։ Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանն ստորագրել էին փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Հուլիսի 8-ի գիշերն ԱՄՆ-ն վերսկսել էր լայնածավալ հարվածներն Իրանին՝ նրան մեղադրելով ձեռք բերված պայմանավորվածությունների այն դրույթների խախտման մեջ, որոնք վերաբերում են Հորմուզի նեղուցին։
Հուլիսի 12-ի գիշերը Թեհրանը հայտարարել էր Հորմուզի նեղուցով նավերի անցման լիակատար կասեցման մասին՝ մինչև ԱՄՆ-ի կողմից տարածաշրջանում ռազմական միջամտության դադարեցումը, ինչին ի պատասխան՝ ամերիկյան կողմը հարվածներ էր հասցրել իրանական ՀՕՊ համակարգերին և ԻՀՊԿ մոտորանավակներին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



