«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ կուսակցության վարչության անդամ, նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանի կալանավորումը դարձել է քաղաքական ուժի դեմ «տոտալ հարձակման» մաս և կապված է իր դեմ հարուցված քրեական գործի հետ։ Այս մասին նա հայտնել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից հղած ուղերձում, որը հրապարակվել է Facebook-ում։
Թևանյանի խոսքով՝ Քննչական կոմիտեն գործ «կարելու» հրահանգ է ստացել և կատարել այն։
«ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգն ստացել է ու «կարել» է։ Հիմա անցել է ակնհայտ ահաբեկչության և կարմիր գծերը հատող ապօրինի գործողությունների»,- հայտարարել է քաղաքական գործիչը։
Թևանյանը հիշեցրել է, որ մի քանի օր առաջ իրավապահները խուզարկել էին «Մայր Հայաստան»-ի վարչության մեկ այլ անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանը։
Նրա պնդմամբ՝ ընդդիմության հետապնդումը կապված է իշխանությունների կողմից Հայաստանի հաշվին նոր զիջումների նախապատրաստման հետ։ Նա նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է, իր ձևակերպմամբ, «թուրք-ադրբեջանական օրակարգն» սպասարկելու մեջ՝ հայտարարելով, որ այդ նպատակով իշխանություններն ամայացնում են քաղաքական դաշտն ու կալանավորում իրենց ընդդիմախոսներին։
«Այս ամենը հարձակում չէ առանձին վերցրած մեկ կուսակցության կամ անձանց դեմ։ Սա հարձակում է հայկական պետականության, մեր արժեքների ու բոլորիս դեմ»,- հայտարարել է նա։
Քաղաքական գործչի կարծիքով՝ «Արցախի ճակատագրից» խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է։
Ընդդիմադիր գործիչը նաև հիշեցրել է, որ վերջին ճեպազրույցում Փաշինյանն արդեն անոնսավորել է առաջիկա զիջումները և փորձել նախապես դրանց պատասխանատվությունը դնել Հայաստանի այն քաղաքացիների վրա, որոնք քվեարկել են իր օգտին։
«Մայր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Հայաստանում ավելի քան 300 կին միացել է Մանուկյանին աջակցող դիմումին։ Քաղաքական ուժն իր ներկայացուցչին համարում է քաղբանտարկյալ՝ հայտարարելով, որ գործում ներգրավված փորձառու փաստաբանները չեն կարողանում հասկանալ նրան առաջադրված մեղադրանքի էությունը, իսկ Մանուկյանի անչափահաս դստերն արգելվում է տեսակցել մորը։
Թևանյանը պետական դավաճանության գործով մայիսի 23-ին կալանավորվել էր երկու ամսով։ Քրեական հետապնդումն սկսվել էր Փաշինյանի այն հայտարարությունից հետո, որ Թևանյանի դեմ քրեական գործ կհարուցվի հայրենիքի դավաճանության հոդվածով և որ իշխանություններն «արմատախիլ են անելու լրտեսական ցանցը»։ Մանուկյանը երկու ամսով կալանավորվել էր հուլիսի 9-ին՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու մեղադրանքով։
Թարմացված է՝ 12․07․2026 | 23։45
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







