ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագծի հրապարակման վերաբերյալ որոշումը կկայացվի առաջիկա շաբաթներին՝ չհստակեցնելով ճշգրիտ ժամկետը։
Նախարարի խոսքով՝ նախագծի հրապարակման հարցը քննարկվել է նախորդ օրն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում։
«Սպասում ենք մեր որոշ գործընկերների կողմից ուղարկվելիք կարծիքներին, մեզ մեկ կամ երկու շաբաթ պետք կգա, որպեսզի այդ կարծիքները հավաքենք, ամբողջացնենք, ևս մեկ կամ երկու քննարկում ունենանք ու որոշենք, պատրա՞ստ ենք հրապարակել, թե՞ ոչ։ Տեքստը պատրաստ չէ, որովհետև մեր մի շարք գործընկերներ չեն հասցրել ուղղակի դիտարկումներ ներկայացնել»,- ասել է Գալյանը։
Նախարարը մերժել է այն ենթադրությունները, որ իշխանությունները Սահմանադրության նախագիծը չեն ներկայացրել ընտրություններից առաջ՝ հանրային բացասական արձագանքից վախերի պատճառով։ Նա նշել է, որ փաստաթղթի հրապարակումը հետաձգվում է գործընկերներից մի քանիսի մեկնաբանությունների հապաղման պատճառով։
«Որոշել ենք չհրապարակել՝ չենք հրապարակել, կորոշենք հրապարակել՝ կհրապարակենք, սա են պատճառներ»,- նշել է նա։
Պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են իշխանությունները մտադիր առաջ մղել սահմանադրական փոփոխություններն առանց խորհրդարանում սահմանադրական մեծամասնության, Գալյանը նշել է, որ այս հարցի շուրջ իրավիճակը չի փոխվել։
«Մեր օրակարգում հեղափոխությունից հետո եղել է Սահմանադրությունը փոփոխելը, և դա քաղաքական հանձնառություն է, ինչն ստանձնել ենք և պատրաստ ենք ի կատար ածել։ Նոր Սահմանադրության տեքստը հրապարակելը և հանրության հետ քննարկելը մեր քաղաքական հանձնառության մի մասն է, թե ինչ կլինի դրանից հետո՝ ժամանակը կտա»,- ասել է նախարարը։
Ըստ նրա՝ իշխանությունները կշարունակեն աշխատել նախագծի վրա և կգնահատեն սահմանադրական փոփոխությունների նկատմամբ հանրային պահանջարկը։ Գալյանը հավելել է, որ նոր խորհրդարանում տեղեր ստացող ընդդիմադիր ուժերը նույնպես պետք է որոշեն իրենց դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։
Մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանադրական մեծամասնության բացակայության դեպքում պատերազմի վտանգի մասին դիտարկումները՝ նախարարը նշել է, որ իշխանություններն «ամեն ինչ անում են, որպեսզի դա տեղի չունենա»։
Իշխանությունները հայտարարել էին, որ Սահմանադրական հանրաքվեն կանցկացնեն ընտրություններից հետո: Նախագիծը նախ խորհրդարանում պետք է հաստատվի, որի համար պատգամավորների ձայների 2/3-ն է անհրաժեշտ:
2025 թվականի հունիսին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել էր խաղաղության պայմանագրին՝ նշելով, որ անհնար է այն կնքել, եթե Հայաստանի սահմանադրությունը չփոխվի։
2025 թվականի օգոստոսին վարչապետն Անկախության հռչակագիրն անվանել էր «կոնֆլիկտային» և որակել որպես «ԽՍՀՄ-ի ամբիցիաների հարավ-արևմտյան ուղղություն», որից հետո մամուլը գրել էր, որ Անկախության հռչակագրին հղումից հրաժարվելու պահանջը կատարելու համար Սահմանադրական խորհուրդն առաջիկայում նոր Սահմանադրություն գրելու ակտիվ նիստեր է անցկացնելու։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







