ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆի և իր փեսայի՝ Ջարեդ Քուշների այցը Պակիստան՝ Իրանի հետ բանակցությունների համար։
Թրամփն Ուիտկոֆի և Քուշների Պակիստան այցի չեղարկումը բացատրել է նրանով, որ նրանք չեն հասկանում, թե ով է ղեկավարում Իրանը։
«Ոչ ոք չգիտի, թե ով է պատասխանատու, այդ թվում՝ նրանք»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
Նա պնդել է, որ Իսլամական Հանրապետության ղեկավարության ներսում, ենթադրաբար, «շփոթություն և ներքին վեճ» կա։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ Ուիտկոֆի և Քուշների ուղևորությունը շատ ժամանակ և աշխատանք կպահանջի։
«Մենք բոլոր քարտերը ձեռքում ունենք, նրանք՝ ոչ մեկը։ Եթե ուզում են խոսել, պարզապես պետք է զանգահարեն»,- հայտնել է Թրամփը։
Սպիտակ տունը հայտարարել էր, որ Ուիտկոֆը և Քուշներն ապրիլի 25-ին կմեկնեն Իսլամաբադ՝ Իրանի ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու նպատակով։
Ապրիլի 8-ին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության էին եկել երկշաբաթյա հրադադարի շուրջ, որը ներառում էր Հորմուզի նեղուցի անհապաղ բացում: Թրամփը հայտարարել էր Իրանում և Լիբանանում հրադադարի երկարաձգման մասին: Իսլամաբադում կայացած բանակցությունների առաջին փուլն ավարտվել էր անարդյունք։ Ապրիլի 22-ին նախատեսված բանակցությունների երկրորդ փուլը չէր կայացել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







