Արցախում հայկական պատմամշակութային և քրիստոնեական հետքերի վերացումը պետք է արժանանա հստակ և սկզբունքային գնահատականի ինչպես Հայաստանի իշխանությունների, այնպես էլ միջազգային կառույցների կողմից, հայտարարել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր նախագահ Մանե Թանդիլյանը:
Նա, որպես օրինակ, ներկայացրել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին՝ շեշտելով, որ կառույցի ոչնչացման մասին տեղեկությունները խորապես մտահոգիչ են։
«Մշակութային և հոգևոր ժառանգությունը յուրաքանչյուր ժողովրդի ինքնության կարևոր մասն է, և դրա հետևողական ոչնչացումը չի կարող մնալ անարձագանք»,- նշել է քաղաքական գործիչը։
Թանդիլյանի համոզմամբ՝ մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը քաղաքական հարց չէ, խաղաղությանն ընդդեմ սպառնալիք չէ, այլ համամարդկային արժեքներն ու պատմական հիշողությունը չջնջելու արդարացի պահանջ։
Բացի այդ, ըստ նրա՝ անհանդուրժելի է այս մասին բարձրաձայնելն ու քննադատելը շահարկելը որպես խաղաղության գործընթացներին խոչընդոտող քայլ։
«Հակառակը՝ նաև հարևան ժողովրդի արժեքների, մշակույթի և պատմության նկատմամբ հարգանքը պետք է լինի իրական և կայուն խաղաղության հիմքում»,- նկատել է Թանդիլյանը։
Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալությունն ապրիլի 12-ին հայտնել էր, որ Ադրբեջանը քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին: Եկեղեցին կառուցվել էր 2007 թվականին, հիմնարկեքը տեղի էր ունեցել 2005 թվականի սեպտեմբերին և ավարտվել 2007 թվականի սկզբին:
ԱՄՆ միջազգային հանձնաժողովի զեկույցում արձանագրվել էր Արցախում հայկական հուշարձանների ոչնչացման փաստը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







