«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ տարածաշրջանի մեծ պետությունները՝ Իրանն ու Ռուսաստանը, կարևորում են, որ անվտանգային առումով իրենց «հակա» ուժեր չլինեն Հայաստանում։ Նա այդ մասին նշել է «Շանթ» հեռուստատեսության եթերում՝ մեկնաբանելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքը, ըստ որի՝ Ռուսաստանը կցանկանար, որ պրոռուսական քաղաքական ուժերը կարողանային մասնակցել ՀՀ խորհրդարանական ընտրություններին։
Պուտինն այդ մասին ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ շեշտելով նաև անազատության մեջ գտնվող և ՌԴ անձնագիր ունեցող քաղաքական գործիչների մասին («Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյան-խմբ․)։
Կարապետյանը շեշտել է, որ եթե հակառուսական, հակաիրանական ուժեր լինեն, ապա դա Հայատանի ու հարևան երկրների հարաբերությունների երկարաժամկետ վատթարացմանը կհանգեցնի։
«Տարածաշրջանի մեծ տերություններն անվտանգային մտավախություններ ունեն, մասնավորապես, որ ոչ թե պրո, այլ, օրինակ, հակառուսական, հակաիրանական ուժեր Հայաստանում իշխանության չլինեն։ Նրանց համար Հայաստանի հետ կապված ամենակարևոր շահն այստեղ իրենց հակաուժեր չունենալն է»,- շեշտել է նա։
Կարապետյանի խոսքով՝ նաև Հայաստանի շահերից չի բխում որևէ տարածաշրջանային երկրի հետ հակադրություն ունենալը, առավել ևս՝ այնպիսի երկրների, որոնց հետ տնտեսական լավ հարաբերությունների մեջ է։ Միևնույն ժամանակ՝ նա նշել է, որ այսօր ՀՀ իշխանությունները հակաթեզեր են առաջ տանում տարածաշրջանային երկրների առումով։
«Չգիտեմ՝ ինչ հույսով է իշխանության ամբողջ վերնախավն այդ թեզերը տարածում։ Մենք չենք գտնվում Բալկաններում, կենտրոնական Եվրոպայում»,- հավելել է Կարապետյանը։
Խոսելով ներքաղաքական հարցերից՝ Կարապետյանը նշել է, որ Հայաստանում փոփոխություններ կարող է բերել միայն Սամվել Կարապետյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանը և հայ հասարակությունը ունի երկու այլընտրանք՝ կա՛մ Սամվել Կարապետյան, կա՛մ Փաշինյան։
«Կա՛մ Հայաստանը շարունակում է Փաշինյանի հետ այս խեղճացած և ամեն օր նոր անակնկալներով լի ժամանակաշրջանը, կա՛մ ընտրում է նոր, ուժեղ ու տնտեսական ղեկավար, որը մեր երկրը կհանի աղքատությունից, կկենտրոնանա մարդկանց խնդիրների վրա»,- ընդգծել է Կարապետյանը։
Նրա դիտարկմամբ՝ այսօր իշխանության ղեկին է մեկը, որը «ամբողջ օրը քաղաքական հակադրություններով, կոնտենտով է զբաղված, բայց որևէ օգտակար բան չի իրականացնում»։
Կարապետյանը մեկնաբանել է նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից վերագրվող վարույթը, որը վերաբերում է ենթադրյալ ընտրակաշառքին։ Կուսակցության խորհրդի անդամը նշել է, որ մեղադրանքն իրականությանը չի համապատասխանում։
«Որևէ բան էլ չանես, Փաշինյանն ու ՔՊ-ն այնպիսի պատմություններ են հյուսում քո շուրջը։ Հաշվի առնելով այս փաստը՝ Հայաստանում ոչ մի առողջ քաղաքական ուժ և որևէ մեկը չի գնա որևէ նման քայլի։ Այդպիսի քայլի կգնան միայն իրենք, թող իշխանականները մտածեն, չգնան, մարդկանց տանիքներ վերանորոգեն, պաշտոններ խոսք տան՝ իրենց անհաջող պաշտոնավարումը երկարացնելու համար»,- հավելել է Կարապետյանը։
Կարապետյանն ավելի վաղ հնարավոր էր համարել ընտրությունների նախաշեմին իր ձերբակալության հնարավորությունը: Նրա խոսքով՝ կուսակցությունը տեղեկություններ ունի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու նպատակով իր ներկայացուցիչների ձերբակալությունների հնարավոր նախապատրաստման մասին:
Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անունից Արմավիրի մարզի բնակիչներին ենթադրյալ դրամական միջոցներ տրամադրելու գործով 5 անձի ձերբակալման մասին: Հետաքննության վարկածով՝ միջոցները փոխանցվել էին «Մեր ձևով» շարժման հետ կապված կառույցների միջոցով։ Կուսակցությունում մեղադրանքներն անհիմն էին անվանել, իսկ ներկայացված ապացույցները՝ ձայնագրությունների տեսքով, մոնտաժված։
ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ ապրիլի 2-ին ձերբակալվել է «Մեր ձևով ազգային արժեքների պահպանություն» ՀԿ-ի Դիլիջանի գրասենյակի ղեկավար Լ.Վ.-ն, ով մեղադրվում է «Մեր ձևով» շարժման հետ կապված դատական նիստերին և ակցիաներին մասնակցությունը նյութապես խթանելու մեջ:
Կարդացեք նաև՝
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







