ԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռի, «ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ պնդում է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը:
«Խստորեն դատապարտում ենք ամերիկա-իսրայելական հարձակումն իրանական քաղաքացիական ինքնաթիռի վրա, որը Մաշհեդ քաղաքի օդանավակայանում վայրէջք է կատարել մի քանի երկրի տրամադրած դեղորայքով և բժշկական սարքավորումներով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավիացիոն իշխանությունները միջազգային կազմակերպություններից պահանջել են հետաքննել միջադեպը՝ չհստակեցնելով, թե երբ է այն տեղի ունեցել:
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը:
Հայաստանը ևս հումանիտար օգնություն էր ուղարկել Իրանին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







