Հայաստանը Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտության ֆոնին հումանիտար օգնություն է ուղարկել Իրան, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին հայտնել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանը տեղեկացրել է, որ ուղարկված հումանիտար օգնությունը հիմնականում դեղորայքի տեսքով է։ ԱԳ նախարարն այդ մասին հայտնել է՝ անդրադառնալով քննադատություններին, ըստ որոնց՝ Հայաստանը ոչ բարեկամ Թուրքիային 2023-ի երկրաշարժի ժամանակ հումանիտար օգնություն էր փոխանցում, բարեկամ Իրանին՝ ոչ։
ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին լայնածավալ ռազմական գործողություն էին սկսել Իրանի դեմ: Գործողության արդյունքում զոհվել էին Իրանի բարձրաստիճան զինվորականներ և պաշտոնյաներ, այդ թվում՝ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Իրանն ի պատասխան՝ հարվածներ էր հասցրել տարածաշրջանի մի շարք երկրներում ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին: Հարվածներ են հասցվել Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմակայաններին ու դիվանագիտական ներկայացուցչություններին:



































