Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մարտի 10-13-ը տեղի ունեցած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը քննարկել է կարգալույծ Արման Սարոյանի՝ իշխանության մարմինների «ապօրինի աջակցությամբ թեմի հովվական, կանոնական և վարչական գործունեությունը խոչընդոտելը», տեղեկացնում են Մայր Աթոռից։
Անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում իշխանությունների կողմից ներկայացված օրինագծերին և ենթաօրենսդրական ակտերին, որոնք, ըստ ժողովի մասնակիցների, սահմանափակում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու իրավական կարգավիճակն ու գործունեությունը, ինչպես նաև դրանց արծարծումը դիտվում է «իբրև հարմար պատրվակ՝ հակաեկեղեցական թեզերի բարձրաձայնման և անարգել տարածման համար»։
ԳՀԽ-ն մերժելի է որակել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Եվրոպական խորհրդարանում 2026թ. մարտի 11-ի ելույթում Հայոց եկեղեցու և եկեղեցականության հասցեին հնչեցրած մեղադրական «շինծու վերագրումները»՝ «օտար ազդեցության գործակալ», «պատերազմի կուսակցություն» և այլն: Սրանցով, ըստ ժողովի մասնակիցների, վարչապետն ակնհայտորեն փորձ է անում արդարացման հիմքեր ստեղծել եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից իրագործված անօրեն գործողությունների և ծրագրվող հետագա բռնաճնշումների համար։
ԳՀԽ-ն Զինված ուժերում հոգևոր ծառայության դադարեցման, գնդերեցների նկատմամբ իրականացված ճնշումների, առաջացած խնդիրների վերաբերյալ հաստատել է, որ Պաշտպանության նախարարի միակողմանի որոշումը հակասում է ՀՀ սահմանադրության, «ՀՀ և Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի դրույթներին, ինչպես նաև կառավարության համապատասխան որոշմանը, որոնցով ամրագրված է հոգևոր սպասավորների ծառայությունը ԶՈւ-ում, ասված է հաղորդագրության մեջ:
Վարչապետն արդեն 10 ամսից ավելի է՝ պահանջում է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը: Վեհափառը մի քանի անգամ ակնարկել է, որ նման մտադրություն չունի: ՀՀ գլխավոր դատատախազությունը փետրվարի 14-ին քրեական հետապնդում էր հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Կաթողիկոսի ելքը ՀՀ-ից արգելվել էր:
Կարդացեք նաև՝
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







