Անկարան ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրում Իրանի շուրջ բռնության խորացումը կանխելու համար, որն սպառնում է տարածաշրջանը լիակատար աղետի մեջ գցել, ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Էրդողանն այս մասին հայտարարել է Անկարայում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին Աթաթուրքի անվան միջազգային խաղաղության մրցանակի հանձնման արարողության ժամանակ։
«Թուրքիան ձգտում է վերացնել հակամարտությունները, պատերազմները, ճնշումները և մարդասիրական ճգնաժամերը, որտեղ էլ որ դրանք առաջանան, հատկապես՝ մեր տարածաշրջանում»,- ընդգծել է նա։
Նրա խոսքով՝ չնայած ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև դիվանագիտական գործընթացի հաջողության հույսերը խաթարելու փորձերին, Թուրքիան շարունակելու է իր համառ և հետևողական ջանքերն այս ուղղությամբ։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը:
Ըստ թուրքական կողմի՝ Իրանից արձակված բալիստիկ հրթիռ էր մտել Թուրքիայի օդային տարածք մարտի 9-ին, խոցվել ՆԱՏՕ-ի պաշտպանության միջոցների կողմից։ Անկարան մարտի 4-ին կրկին մեղադրել էր Իրանին Թուրքիայի տարածք հրթիռ արձակելու մեջ: Իրանը հերքել էր իր կողմից Թուրքիայի ուղղությամբ հրթիռի արձակման մասին պնդումները։ Միջադեպից հետո Թուրքիան Իրանի սահմանին ամերիկյան Patriot ՀՕՊ համակարգ էր տեղակայել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







