Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին պետական հեռուստատեսության եթերում հանդես է եկել իր առաջին ուղերձով՝ պահանջելով ԱՄՆ-ից փոխհատուցել Իրանի դեմ ռազմական գործողությունների հետևանքով պատճառված վնասը:
«Կարևոր է ընդգծել, որ մենք, ամեն դեպքում, թշնամուց փոխհատուցում կպահանջենք»,- ասել է նա:
Խամենեիի խոսքով՝ եթե Վաշինգտոնը հրաժարվի, Թեհրանն իրեն իրավունք է վերապահում բռնագրավել ամերիկյան գույքը: Եթե դա ևս անհնար լինի, Իսլամական Հանրապետությունը պատասխան հարվածներ կհասցնի ԱՄՆ-ին՝ պատճառելով նմանատիպ վնաս, շեշտել է նա:
Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդը նաև զգուշացրել է, որ Իրանը կշարունակի հարձակումները հարևան երկրներում ԱՄՆ-ի ռազմակայանների վրա: Նա ընդգծել է, որ թեև Իրանը հավատում է հարևանների հետ բարեկամությանը և խաղաղությանը, սակայն պնդում է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական օբյեկտները պետք է փակվեն:
Նրա ելույթը տեղի է ունեցել, երբ սկսվել են լուրեր շրջանառվել, որ Խամենեին վիրավոր է, և երբ ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանի միջուկային օբյեկտին: Խոսքը Թեհրանից 32 կմ դեպի հարավ-արևելք գտնվող Taleghan 2 համալիրի մասին է: Փորձագետների գնահատմամբ՝ այն, հավանաբար, խոցվել է ամերիկյան ռազմաօդային ուժերի կողմից GBU-57 հակաբունկերային ռումբերով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







