Իրանը թույլատրել է երկու բարեկամական նավի անցնել Հորմուզի նեղուցով, հայտարարել է Իրանի Հեղափոխական պահապանների կորպուսի նավատորմի ներկայացուցիչը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ պատերազմի առաջին օրն Իրանը հարվածել էր երկու լցանավի, երկրորդ օրը՝ մի քանի նավի, որոնց ԱՄՆ-ն խրախուսել և աջակցում էր անցնել Հորմուզի նեղուցով։ ԻՀՊԿ-ից հավելել են, որ հարվածի են ենթարկվել այն նավերը, որոնք խախտել են Հորմուզի նեղուցով տարանցման Իրանի կանոնները։
«Պատերազմի չորրորդ օրվանից ի վեր՝ Հորմուզի նեղուցով որևէ տեղաշարժ չի արձանագրվել։ Երրորդ օրը միայն երկու նավի թույլատրվեց անցնել՝ Իրանի թույլտվությամբ և հավանությամբ՝ որպես բարեկամական երկրների նավերի»,- ասել են ԻՀՊԿ-ից։
Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը մի շարք հարվածներ էին հասցրել Իրանի տարբեր թիրախների, որոնց հետևանքով զոհվել էին բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին։ Երկու օր անց նրա կինը՝ Մանսուրե Խոջաստ Բաղերզադեն, մահացել էր ստացած վնասվածքներից։ Թեհրանը պատասխանել էր տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի մի քանի թիրախի հարվածելով:
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Գերագույն առաջնորդին սպանելով՝ ԱՄՆ-ն և Իսրայելը «պատերազմ են հայտարարել աշխարհի մուսուլմաններին» և խոստացել պատասխան միջոցներ ձեռնարկել: Մարտի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նախնական գնահատականներով՝ հակամարտությունը, ենթադրաբար, կտևի 4-5 շաբաթ, բայց չէր բացառել դրա երկարաձգման հնարավորությունը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







