ԱՄՆ-ն դեռ չի սկսել ուժգին հարվածներ հասցնել Իրանին. հարվածների «մեծ ալիքը» դեռ առջևում է, CNN-ը փոխանցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը։
«Միացյալ Նահանգներն ունի աշխարհի լավագույն բանակը, և մենք օգտագործում ենք այն»,- ասել է Թրամփը՝ հավելելով, որ ամեն ինչ տեղի է ունենում «շատ արագ»։
Ամերիկացի առաջնորդը նշել է, որ դեռևս պարզ չէ, թե ո՞վ է այժմ ղեկավարում Իրանը։ Նրա խոսքով՝ Թեհրանը կրել է «նշանակալի կորուստներ ղեկավարության առումով», այսինքն՝ 49 մարդ։ Թրամփը նաև չի բացառել Իրանում ամերիկյան զորքեր տեղակայելու հնարավորությունը։
«Ես չեմ խուսափում ցամաքային զորքեր տեղակայելուց։ Այսինքն՝ յուրաքանչյուր [ԱՄՆ] նախագահ ասում է. «Ցամաքային զորքեր չեն լինի»։ Ես դա չեմ ասում։ Ես ասում եմ. «Հավանաբար դրա անհրաժեշությունը չկա»»,- ասել է նա։
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը կտևի այնքան, որքան անհրաժեշտ է, հայտնում է Reuters-ը։ Նա պնդել է, որ ԱՄՆ ռազմական արշավն Իրանում նախատեսված գրաֆիկից առաջ է ընկել, ու թեև սկզբում խոսում էին 4-5 շաբաթվա տևողության մասին, սակայն գործողությունը կարող է տևել «շատ ավելի երկար»։
«Մենք ունենք աշխարհի ամենաուժեղ, ամենահզոր բանակը, և հեշտությամբ կհաղթենք։ Զգալիորեն առաջ ենք կանխատեսումներից։ Բայց ինչ էլ լինի, դա նորմալ է»,- ասել է նա։
Թրամփը հայտարարել է, որ պատերազմի նպատակներն են կանխել Իրանի կողմից միջուկային զենքի մշակումը, խափանել նրա հեռահար բալիստիկ հրթիռների ծրագիրը, ոչնչացնել Իրանի նավատորմը և կանխել Թեհրանի կողմից տարածաշրջանում զինյալներին աջակցելը։ Նախագահը նաև հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը ոչնչացրել են իրանական 10 նավ։
Իսրայելն ու ԱՄՆ-ն փետրվարի 28-ին հայտարարել էին Իրանի դեմ լայնածավալ մարտական գործողություններ սկսելու մասին: Ի պատասխան՝ Իրանը հայտարարել էր Իսրայելի և տարածաշրջանում ամերիկյան թիրախների դեմ հրթիռային գործողության մեկնարկի մասին: Մարտի 1-ին Իրանը հաստատել էր երկրի Գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահը: Երկու կողմում էլ զոհերի թիվը ժամ առ ժամ փոխվում է։
ՀՀ ԱԳՆ-ն մարտի 2-ին հայտնել էր, որ քննարկում է Մերձավոր Արևելքում գտնվող ՀՀ քաղաքացիների տեղափոխման թռիչքների տարբերակներ։ Ըստ գերատեսչության՝ զոհերի թվում հայերի մասին տեղեկություն չկա։



































