Մոսկվայի Գոլովինսկի դատարանը Дождь-ի լրագրող Եկատերինա Կոտրիկաձեին հեռակա կարգով դատապարտել է ութ տարվա ազատազրկման, հայտնում է ՌԲԿ-ն՝ հղում անելով դատարանի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ հաղորդավարուհին մեղավոր է ճանաչվել Ռուսաստանի զինված ուժերի օգտագործման մասին գիտակցաբար կեղծ տեղեկատվության տարածման հոդվածով։ Դատախազությունը Կոտրիկաձեի համար պահանջել էր ինը տարվա ազատազրկում։
Կոտրիկաձեի դեմ քրեական գործ էր հարուցվել 2025 թվականի հուլիսին՝ բանակի մասին կեղծ լուրեր տարածելու և որպես օտարերկրյա գործակալ իր պարտականությունները չկատարելու համար։ Մյուս մեղադրյալների թվում էին նրա ամուսինը՝ Дождь-ի գլխավոր խմբագիր Տիխոն Ձյադկոն և հեռուստաալիքի հաղորդավարուհի Վալերիա Ռատնիկովան։
2025 թվականի հոկտեմբերին Քննչական կոմիտեն միջնորդել էր հեռակա կարգով ձերբակալել լրագրողին, Ձյադկոն ևս ձերբակալվել էր հեռակա կարգով։
Дождь-ը 2023 թվականին հայտարարվել էր անցանկալի, և ՌԴ գլխավոր դատախազությունը հեռուստաալիքին մեղադրել էր «ծայրահեղական կազմակերպությունների, ահաբեկչական կազմակերպությունների և օտարերկրյա գործակալների նյութեր տարածելու» և կառավարությանը վարկաբեկելու մեջ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







