Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ Հայաստանի գործընկերների հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ հետագա համագործակցության խթանման նպատակով, հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Փաշինյանը նշել է, որ Չաուհանի այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացմանը։ Կողմերն անդրադարձել են պաշտպանության և անվտանգության ոլորտում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի։
Հայաստան կատարած այցի ընթացքում Չաուհանը բանակցություններ էր վարել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հետ։ Կողմերը քննարկել էին երկու երկրների միջև ռազմական համագործակցության ներկա վիճակը և հեռանկարները։
2024 թվականի հուլիսին հաղորդվել էր, որ Հայաստանը դարձել է Հնդկաստանից զենքի խոշորագույն ներմուծողը։ Հնդկաստանի ֆինանսների նախարարության տվյալներով՝ Հնդկաստանից Հայաստանի զենքի ընդհանուր ներմուծումը ընթացիկ 2024-25 ֆինանսական տարվա սկզբին հասել է 600 մլն դոլարի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







