Սիրիայում ալավի և կառավարամետ ցուցարարների միջև բախումների հետևանքով զոհվել է երեք և վիրավորվել 60 մարդ, հաղորդում է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ երկրի արևմուտքում գտնվող Լաթաքիա և Տարտուսի ափամերձ քաղաքներում հավաքվել են հազարավոր ալավի ցուցարարներ։ Ցույցերը կազմակերպել էր ալավի շեյխ Ղազալ Ղազալը, որը բնակվում է Սիրիայի սահմաններից դուրս և գլխավորում է Սիրիայում և սփյուռքում գործող Ալավիների գերագույն իսլամական խորհուրդը: Սիրիական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ բախումների ժամանակ զոհվածների թվում է Սիրիայի ժամանակավոր կառավարության անվտանգության ուժերի անդամ:
Ինչպես հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին, իշխանությունները մինչ այժմ ձերբակալել են Լաթաքիայում տեղի ունեցած անկարգություններին մասնակցած ավելի քան 100 մարդու: Սիրիայի պաշտպանության նախարարությունը նաև ռազմական լրացուցիչ ուժեր և զրահատեխնիկա է տեղակայել Լաթաքիայում և Տարտուսում:
AP-ն նշում է, որ բախումները տեղի են ունեցել Հոմսի ալավիական մզկիթում տեղի ունեցած պայթյունից երկու օր անց, որի հետևանքով զոհվել էր 8 և վիրավորվել 18 մարդ: Հարձակման պատասխանատվությունն ստանձնել էր իրեն «Սարայա Անսար ալ-Սուննա» անվանող խումբը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







