«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի խոսքերը վերլուծելու ու նեղ մասնագիտական կարծիք տալու համար քննիչները բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Դիլբարյանին երեք ժամից ավելի պահել են Քննչակա կոմիտեում, հայտնում է «Ազատությունը»։
Դիլբարյանի խոսքով՝ հարցաքննության ընթացքում ուժայինները փորձել են նրան ստիպել խոստովանել, որ փորձագիտական կարծիքը գրվել է «ճնշման ներքո»։
«Ես ներկայացրել եմ կարծիք, որտեղ լեզվաբանորեն հիմնավորել եմ, որ խոսքային այդ շղթան, շարահյուսական, ձևաբանական ու ոճաբանական տեսանկյունից չի ենթադրում կոչ, այսինքն՝ չի ենթադրում երկրորդ կողմի առկայություն, որը կդիմի ինչ-որ գործողությունների, ինչը հետագայում մեղսագրվել է իրեն»,- նշել է փորձագետը։
Դիլբարյանը կարծել է, թե Կարապետյանի գործը քննող 53 մարդուց բաղկացած խմբին հետաքրքրում է, թե ինքը ո՞ր հեղինակների ու գիտնականների աշխատանքներից է օգտվել մասնագիտական եզրակացությունը գրելիս, արդյոք օբյեկտի՞վ է, ու դոցենտ Դիլբարյանը ցանկը կազմած ներկայացել է ՔԿ։ Նրա խոսքով, սակայն, կարծիքի բովանդակության հատվածը րոպեներ է տևել, 3 ժամ քննիչները նվիրել են բոլորովին ուրիշ բանի՝ փորձելով համոզել նրան խոստովանել, որ եզրակացությունը գրվել է պատվերով։
Փորձագետը նման հարցադրումը վիրավորական է անվանել մասնագետի համար։
«Իմ ամբողջ կյանքում պաշտպանել եմ օրենքը, իրավունքը և մարդկանց, ու ծիծաղելի էր, երբ ինձ ուզում էին համոզել տարբեր բառաշրջումներով, շրջասույթներով, փոխաբերություններով, որ ինձ վրա ճնշում են գործադրել կամ ինձ ուղղորդել են։ Գիտեք, մասնագետին ուղղորդելը ծիծաղելի է»,- հավելել է նա։
Գրականագետ Եղիազարյանը, որը նույնպես փորձագիտական կարծիք էր հայտնել, որը հակասում էր հետաքննության վարկածին, նշել է, որ իր տունը խուզարկվել է. քննիչներն առգրավել և ուսումնասիրել են նրա համակարգիչն ու հեռախոսը։
Կարապետյանի փաստաբաններից Արշակ Վարդանյանը դեկտեմբերի 12-ին տեղեկացրել էր որ հարցաքննություններ են իրականացվել պաշտպանական կողմի ներգրավված հոգեբանների և լեզվաբանների շրջանում։ Նրանց փաստաբանները ներգրավվել էին՝ գործարարի կալանքի պատճառ դարձած հարցազրույցում նրա ժեստիկուլացիան և խոսքը վերլուծելու համար։
Դեկտեմբերի 11-ին քննիչները խուզարկել էին լեզվաբանական բնագավառի փորձագետներից մեկի տունը։ Փաստաբանը նշել էր, որ փորձագետները եզրակացություն էին ներկայացրել այն մասին, որ Կարապետյանի խոսքում կոչ, առավել ևս՝ բռնության կոչ չկա։
Հունիսին Կարապետյանին կալանավորել էին եկեղեցու դեմ արշավը քննադատելուց հետո։ Դատարանն օգոստոսի 15-ից սկսած արդեն մի քանի անգամ երկարացրել է բարերարի կալանքը։ Նոյեմբերի 13-ին ՔԿ-ն Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







