ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհանգստանում է, որ ՆԳ նախկին նախարար Վահե Ղազարյանն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանը կարող են անցնել ընդդիմության կողմը և ամեն կերպ սիրաշահում է նրանց, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իշխանական իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ Փաշինյանը Ղազարյանին և Աբազյանին առաջարկել է մարզպետի պաշտոն, սակայն երկուսն էլ հրաժարվել են: Նրանք կա՛մ չեն վստահում երկրի ղեկավարին, կա՛մ ավելի բարձր պաշտոնի հավակնություն ունեն, նշել է լրատվականը։
Թերթը հիշեցրել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը լուսանկար էր հրապարակել, որտեղ մի խումբ ՔՊ անդամների հետ սեղանի շուրջ էին նաև երկու նախկին պաշտոնյաները։ Նրանց մոտ տարածքում են պահում, փորձում են կառավարել, որ հանկարծ ընդդիմության շարքերը չանցնեն, պնդել է թերթը։
Ղազարյանը 2024 թվականի նոյեմբերի 18-ին հրաժարական էր տվել ՆԳՆ ղեկավարի պաշտոնից։ Իր ուղերձում նա նշել էր, որ գերատեսչությանը երկրի համար դժվարին փուլում գտնվող բարեփոխումների իրականացման շնորհիվ հաջողվել է բարձրացնել քաղաքացիների վստահության մակարդակը։
Հունիսի 18-ին Աբազյանն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից, ժամանակավոր պաշտոնատար էր նշանակվել ԱԱԾ տնօրենի տեղակալ Սիմոնյանը: Աբազյանն ԱԱԾ տնօրենի պաշտոնին նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 8-ին: Նախքան դա զբաղեցրել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, ԱԱԾ Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






