«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում կարծում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տասներորդ գումարման Ազգային ժողովում չի լինի, քանի որ «չի համաձայնի շարքային պատգամավորի կարգավիճակին», գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ թերթի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հիասթափվել է» Սիմոնյանի անձնական կյանքում ծավալվող իրադարձություններից։
«Ժամանակ առաջ խոսք էր գնում, որ նրան (Սիմոնյան-խմբ․) դիտարկում են ՀՀ նախագահի պաշտոնի համար, երբ Վահագն Խաչատուրյանի ժամկետը լրանա, կամ նա վաղաժամ հրաժարական տա։ Սակայն կարծես թե այլևս այդ հարցը չի քննարկվում»,- նշել է թերթը։
Մամուլը գրել էր, որ Փաշինյանն արգելել է ՔՊ ներկայացուցիչներին ամուսնալուծվել։ Սիմոնյանի մամուլի խոսնակը հուլիսին Armenia Today-ին հայտնել էր, որ իր ղեկավարը կամուսնալուծվի։ Սիմոնյանն ու կինը դիմել էին Արդարադատության նախարարության ՔԿԱԳ կենտրոն, որտեղ օրենքի համաձայն՝ գործընթացն ավարտին հասցնելու համար նրանց տրվել էր մի քանի ամիս ժամանակ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






