ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը շարունակելու է ամեն կերպ վարկաբեկել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին և նրա մտերիմ հոգևորականներին՝ նրանց անդադար հարցաքննությունների հրավիրելով, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ըստ թերթի՝ նրանք բացահայտել են, որ վեհափառն իր գահակալության 26 տարիների ընթացքում ազգային-եկեղեցական ժողով վերջին անգամ հրավիրել է 2017 թվականին, մինչդեռ պետք է աներ մի քանի տարին մեկ անգամ:
Թերթի տեղեկությամբ՝ այդ հավաքների ընթացքում բոլոր հոգևորականները քննարկում են եկեղեցու վերաբերյալ ներքին ու արտաքին խնդիրներ: Հենց այդ ժողովն է ընտրում կաթողիկոսին, որոշումներ ընդունում ազգային-եկեղեցական հիմնահարցերի վերաբերյալ, լսում վեհափառի եկեղեցական-ներկայացուցչական ժողովի, Գերագույն հոգևոր խորհրդի և իր կողմից ձևավորված հանձնաժողովների զեկույցները, անհրաժեշտության դեպքում՝ կայացնում որոշումներ, նշել է թերթը։
Ու թեև դա զուտ ներեկեղեցական հարց է և ներքին կառավարման խնդիր, Փաշինյանը որոշել է այն դիտարկել որպես նոր ճնշման գործիք՝ կաթողիկոսից պահանջելու պարզաբանում, հավելել է թերթը։
Մայիսից Փաշինյանը պնդում է, որ Գարեգին 2-րդը զավակ ունի ու այդպիսով խախտել է կուսակրոնության ուխտը։ Փաշինյանն իր աջակցությունն էր հայտնել այն քահանաներին, ովքեր, իր խոսքով, վեր կհանեն եկեղեցու խնդիրները։
Այս ամիսներին հոգևորականներ էին կալանավորվել, ինչպես նաև եկեղեցուն իր աջակցությունը հայտնած «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե քանի դեռ Գարեգին Երկրորդն «այլընտրանք ունի՝ թող հեռանա»։
Կարդացեք նաև՝
«Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը
Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






