Իսրայելը 1500-ից ավելի շենք է քանդել Գազայի այն հատվածներում, որոնք մնացել են իր վերահսկողության տակ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ զինադադարից ի վեր՝ ըստ BBC Verify-ի ուսումնասիրած տիեզերական լուսանկարների:
Նոր լուսանկարները, որոնցից վերջինն արվել է նոյեմբերի 8-ին, ցույց են տալիս, որ Իսրայելի պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող ամբողջ թաղամասեր մի քանի շաբաթում ավերվել են, ակնհայտորեն՝ ապամոնտաժման միջոցով:

Վնասված շենքերի իրական թիվը կարող է զգալիորեն բարձր լինել, քանի որ որոշ տարածքների տիեզերական լուսանկարների համար BBC Verify-ը գնահատական չի կարողացել տալ:
Իսրայելական բանակի խոսնակը BBC Verify-ին վստահեցրել է, որ բանակը գործում է «զինադադարի շրջանակների համաձայն»:
ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև զինադադարն ուժի մեջ էր մտել հոկտեմբերի 10-ից։ Համաձայնագրի շրջանակներում շարժման ներկայացուցիչներն Իսրայելին էին փոխանցել 20 պատանդի, որոնք պահվում էին Գազայի հատվածում: ՀԱՄԱՍ-ը նաև պարտավորվել էր հանձնել բոլոր զոհվածների աճյունները, սակայն ութ մարմին մինչ օրս գտնվում է Գազայում:
Իր հերթին՝ Իսրայելը բանտերից ազատ էր արձակել շուրջ 2000 բանտարկյալի՝ ինչպես նախկինում ահաբեկչության համար դատապարտված, այնպես էլ ռազմական գործողությունների ժամանակ ձերբակալված և առանց դատավարության բանտերում պահվող, ինչպես նաև հանձնել էր 360 պաղեստինցի զինվորականի մարմին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







