Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Արևմտյան առաջնորդների հետ քննարկում է Ուկրաինայի պատերազմի կարգավորման հարցը, որը կբարձրացվի Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ հոկտեմբերի վերջին Անկարայում նախատեսված հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմին։
«Ուկրաինական կարգավորման հարցը Թուրքիայի արտաքին քաղաքականության օրակարգի գերակա խնդիրներից մեկն է։ Էրդողանն անձամբ է հետևում դրան, այդ թվում՝ արևմտյան առաջնորդների հետ բանակցություններում։ Երկուշաբթի այս հարցը քննարկվել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ»,- մեջբերում է գործակալությունը։
Հոկտեմբերի 30-ին Թուրքիա կատարած այցի ընթացքում Մերցը կքննարկի Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների հնարավոր վերսկսմանն ուղղված թուրքական նախաձեռնությունները։
Սակայն, լրատվամիջոցը հայտնում է, որ բանակցային գործընթացը վերսկսելու հարցում առաջընթաց չի գրանցվել։
Ռուսաստանն ու Ուկրաինան ավելի վաղ Ստամբուլում անցկացրել էին ուղիղ բանակցությունների երեք փուլ։ Դրանց արդյունքում փոխանակվել էին գերիներ և զոհված զինծառայողների մարմիններ։ Կողմերը նաև փոխանակվել էին հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրերի նախագծերով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







