Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել ևս 16 անձի՝ հոկտեմբերի 4-ին տեղի ունեցած իրադարձությունների առիթով, հայտնում է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը:
Նրանք մեղադրվում են ռազմավարական օբյեկտի գրավման փորձի, խմբակային բռնության կազմակերպման և խմբակային բռնությանը մասնակցելու մեջ:
Հեռակա կարգով մեղադրանք է ներկայացվել նաև Ներքին գործերի նախարարության հատուկ առաջադրանքների վարչության օպերատիվ պլանավորման բաժնի նախկին պետ Իրակլի Շահիշմելաշվիլիին:
Նույն գործով շարունակվող քննության շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 48 անձի:
Վրաստանի 64 շրջաններում, այդ թվում՝ 5 քաղաքներում, հոկտեմբերի 4-ին տեղի էին ունեցել քաղաքապետերի և տեղական խորհրդատվական մարմինների՝ սակրեբուլոյի անդամների ընտրություններ, որոնց հաջորդել էին ցույցեր: Դրանք վերածվել էին բախումների ոստիկանության հետ: Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ Օրբելիանիի նախագահական նստավայրի բախումների հետևանքով հոսպիտալացվել էին 21 ոստիկան և 6 ցուցարար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







