Հայաստանը պատրաստ է կամուրջ կառուցել Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև Եվրոպական միության ներգրավվածության ավելացման ֆոնին, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում տեղի ունեցող Global Gateway համաժողովին։
Ըստ վարչապետի՝ ԵՄ ներգրավվածությունը տեղի է ունենում ճիշտ ժամանակին՝ խթանելով ոչ միայն ենթակառուցվածքային կապերը, այլև թվային, էներգետիկ և կարգավորող դաշտի փոխգործունակությունը և կառուցակարգային համապատասխանեցումը Եվրամիության հետ։
«Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները երբեք այսքան սերտ չեն եղել։ Զարգացող այս գործընկերությունը եզակի հնարավորություններ է ստեղծում, որպեսզի Հայաստանն ավելի խորը և ռազմավարական մակարդակում մասնակից դառնա Եվրոպայի կապակցվածության զարգացող տեսլականին, մասնավորապես՝ «Համաշխարհային դարպասներին», Սևծովյան ռազմավարությանը, Միջին միջանցքին, Անդրեվրոպական տրանսպորտային ցանցին և այլոց»,- ընդգծել է Փաշինյանը։
Վարչապետի համոզմամբ՝ ժամանակակից պատմության մեջ առաջին անգամ մեր տարածաշրջանը թե՛ քաղաքականապես, թե՛ լոգիստիկապես պատրաստ է բացահայտել իր չօգտագործված ներուժը և ինտեգրվել Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ավելի ընդգրկուն, անխոչընդոտ կապակցվածության մեջ։ Նա կարևորել է TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղին»-խմբ.) նախագիծը՝ տարածաշրջանային նոր հնարավորությունների համատեքստում։
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը, որը հայտնի է նաև որպես TRIPP ուղի, խոստումնալից ներդրումային ծրագիր է, որը համագործակցության մեծաթիվ հնարավորություններ է բացում՝ երկաթուղիներից մինչև էներգետիկա»,- ասել է Փաշինյանը:
Վարչապետը Բրյուսել էր ժամանել հոկտեմբերի 8-ին՝ մասնակցելու Global Gateway երկրորդ միջազգային գագաթնաժողովին, որը տեղի է ունենում մի շարք երկրների ղեկավարների և Եվրամիության ներկայացուցիչների մասնակցությամբ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






