Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, ՀՀ-ի դեմ՝ հանձին Գլխավոր դատախազության, հայցադիմում է ներկայացրել, որով պահանջում է ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտումը և փոխհատուցել ոչ նյութական վնասը՝ 2 մլն դրամի չափով, հայտնել է «Հետք»-ը։
Փաստաբան Հայկ Ալումյանը լրատվականին հայտնել է, որ դատարան դիմել են ոչ շատ տարածված հայցով, քանի որ պրակտիկայում անմեղության կանխավարկածի խախտման հետ կապված շատ քիչ հայցադիմումներ են ներկայացվում:
Ալումյանի խոսքով՝ այն ընթացքում, երբ Քոչարյանի գործը նախաքննական մարմնից ուղարկվել է դատարան, դատախազը հարցազրույց է տվել Հայաստանի առաջին հեռուստաալիքին և որպես հաստատված հանգամանք՝ պնդել է, որ Քոչարյանը կատարել է այդ հանցագործությունները:
Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել, որ հանդիսանալով «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ի համահիմնադիր և հնարավորություն ունենալով կանխորոշել դրա գործադիր տնօրենի որոշումները` միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել էր իր հետ փոխկապակցված անձի՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրենքով նախատեսված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելուն և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն:
Նշենք, որ հայցը դատարան է մուտքագրվել 2025թ. հոկտեմբերի 3-ին և մակագրվել է դատավոր Երեմ Եսոյանին: Հայցադիմումի՝ վարույթ ընդունելու հետ կապված որոշում դեռ չի կայացվել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







